211652_close_icon
views-count799 դիտում article-date 16:02 13-11-2014

ԱԻՆ շնորհիվ` Հայաստանն օրինակելի մոդել

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ընդունել է Գլոբալ աղետների գնահատման և համակարգման համակարգի (GDACS) ամենամյա ժողովի պատվիրակներին` Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Բիլինգին, ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակից Թոմաս Պիտերին և Հորդանանի քաղպաշտպանության մարմնի ներկայացուցիչ, գեներալ Մադադհա Ջիհադին: Ողջունելով հյուրերին` փոխնախարար Հ. Մխիթարյանն ընդգծեց, որ Հայաստանը պատիվ է համարում GDACS-ի նախագահության ստանձնումը, քանի որ այդ համակարգից սովորելու շատ բան կա, և կանի ամեն հնարավորը` արդյունավետ փոխգործակցություն ապահովելու համար: ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ համակարգում կուտակված տեղեկատվությունը շատ օգտակար կլինի Հայաստանի համար և, օգտվելով առիթից, GDACS-ի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու դեկտեմբերին Երևանում կայանալիք հանրային իրազեկման միջազգային գիտաժողովին: ՓԾ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ով նախագահելու է GDACS-ն առաջիկա տարում, հավատացրեց, որ Հայաստանը կաշխատի շարունակել համակարգում ձևավորված լավ ավանդույթները և ավելացնել ձեռքբերումները: Հանդիպմանը Պ. Բիլինգը շեշտեց, որ ԱԻ նախարարության շնորհիվ Հայաստանը միջազգային շրջանակներում համարվում է աղետների կառավարման օրինակելի մոդել և ընդգրկված է ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնություններում, իսկ շատ դեպքերում հանդես է գալիս որպես առաջատար: Պ. Բիլինգն ու Թ. Պիտերը տպավորված էին նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնով: - Շատ կարճ ժամանակում ձեզ հաջողվել է ստեղծել նման հնարավորություններով ու տեխնիկապես լավ հագեցած համակարգ, որի շնորհիվ Հայաստանն ունի GDACS-ում լիարժեք ներգրավվելու բոլոր նախադրյալները,- ասաց Թ. Պիտերը: Հորդանանի ներկայացուցիչը նույնպես ԱԻՆ հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց: Հյուրերը ևս մեկ անգամ իրենց երախտագիտությունը հայտնեցին ԱԻ նախարարությանը` ժողովը հյուրընկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար, և վստահեցրին, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են աջակցել Հայաստանին:

Նմանատիպ նյութեր