1271 դիտում
09:22 16-11-2014
«Հայաստան. Քարերի գաղտնիքը» խորագրով ցուցահանդես Բրատիսլավայում
Սլովակիայի մշակույթի նախարարության ցուցասրահում տեղի ունեցավ «Հայաստան. քարերի գաղտնիքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ցուցահանդեսը նախապատրաստվել է Հայաստանի և Սլովակիայի մշակույթի նախարարությունների ու Սլովակիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով: Ցուցանմուշների շարքում էին Զ.Սարգսյանի, Գ.Եղոյանի, Կ.Թոխաթյանի, Է.Սեդրակյանի, Ա.Գրիգորյանի հեղինակած՝ Էջմիածնի Մայր տաճարի և այլ եկեղեցիների, Արենիի վանական համալիրի և Աստծո հարթաքանդակի, Գեղարդի, Հաղարծինի, Հաղպատ-Սանահինի, ժայռապատկերների, խաչքարերի, ժամանակակից ճարտարապետական կոթողների և բազմաթիվ այլ հուշարձանների լուսանկարներ:
Բացման խոսքով հանդես եկան Սլովակիայի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլիա Կրժիկովան և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ Հայաստանի պատմությունը գրվել է ոչ միայն գրքերում, այլև կերտվել քարից և քարի վրա: Հաջորդ տարի ողջ քաղաքակիրթ մարդկությունը նշելու է 2004թ. Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից ճանաչված և դատապարտված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողությունները նույնպես մարմնավորվել են քարով: Դրանցից մեկը՝ Սիրիայի Դեր-Զորի Սրբոց Նահատակած եկեղեցին, վերջերս հիմնովին ավիրվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից: Դեսպանը հիշեցրեց, որ 2000-2005թթ. Ջուղայում ադրբեջանցի զիվորները հազարավոր հայկական խաչքարեր են ոչնչացրել:
Այնուհետև ցուցահանդեսի հանձնակատար՝ Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանը բազմաթիվ ներկաներին մանրամասն պատմեց ցուցադրության գաղափարի և առանձին ցուցանմուշների մասին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, մշակույթի, գիտության և արվեստի գործիչներ, սլովակ պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Սլովակյան կողմից ցուցահանդեսի համակարգողն էր մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության խորհրդական Լյուդմիլա Պալոնդերովան։
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 28-ը:
Նմանատիպ նյութեր
920 դիտում
16:21 14-11-2014
Սլովակիայում բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական ցուցահանդեսը
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
766 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»