Ադրբեջանի ՊՆ-ն պատժել է հայկական ՄԻ-24 ուղղաթիռը խոցելու պահը նկարահանած զինծառայողին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Վաղիֆ Դյարգյաղլին հայտարարել է, որ ԼՂՀ ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24 ուղղաթիռի խոցման պահը նկարահանած և այն համացանցում տեղադրած զինվորականին լուրջ փորձություններ են սպասվում:
«Որոշ նկատառումներով չենք հայտարարում տեսագրությունն արած զինծառայողի անունը»,-ասել է Դյարգյաղլին:
Հիշեցնենք, որ հայկական մարտական ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Զոհվել էին մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը:
Իսկ նոյեմբերի 22-ին, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ Զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել էին ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, 2 օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել էր հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չէին եղել:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել են մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը: