1329 դիտում
18:52 11-12-2014
Թբիլիսիում կայացել են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները
Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների գլխավորած կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ Վրաստանի կառավարությունում տեղի են ունեցել երկկողմ բարձր մակարդակի բանակցություններ:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ առեւտրատնտեսական կապերն ավելի սերտացնելու հեռանկարները:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Վրաստան այցելելու հրավերի համար` ընդգծելով, որ բարձրաստիճան պաշտոնական հաճախակի փոխայցերը վկայում են հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին եւ նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Իր հերթին Իրակլի Ղարիբաշվիլին ողջույնի խոսքում ընդգծել է, որ Վրաստանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը եւ զարգացումը եւ շնորհակալություն հայտնել Հայաստան իր պաշտոնական այցի ընթացքում արժանացած ջերմ ընդունելության համար:
Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը` զրուցակիցները կարեւորել են առեւտրատնտեսական հարաբերություններում եւս առկա ներուժի լիարժեք իրացումը եւ այդ համատեքստում անդրադարձել առաջիկա անելիքներին: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալն ավելացնելու նպատակով կողմերն անհրաժեշտ են համարել ներդրումային նոր ծրագրերի իրականացումը եւ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:
Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են նաեւ տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցության հարցին: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն միաժամանակ շարունակելու է նաեւ ակտիվ համագործակցել Եվրոպական միության հետ բոլոր հնարավոր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ առկա բազմաթիվ համատեղ ծրագրերի եւ բարեփոխումների շարունակական իրականացումը:
Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներն ընդգծել են, որ տարբեր ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունը պետք է ծառայի երկու երկրների տնտեսությունների զարգացմանը, գործարար միջավայրի համար նոր հնարավորությունների ստեղծմանը եւ չխոչընդոտի հայ-վրացական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի սերտացմանը:
Գոհունակություն հայտնելով տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, հումանիտար եւ մշակութային ոլորտներում ծավալված համագործակցության ընթացքից` զրուցակիցներն անդրադարձել են նշված յուրաքանչյուր բնագավառում իրականացվող ծրագրերին:
Մասնավորապես, կարեւորվել է Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան սահմանային անցակետերի շինարարության ու արդիականացման, ինչպես նաեւ Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր` «Բարեկամության» կամուրջի շինարարական աշխատանքների շարունակականությունը: Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման առումով ՀՀ վարչապետը մեծապես կարեւորել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը:
Երկուստեք ընդգծվել է էներգետիկ ոլորտում Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման կարեւորությունը, որի ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարության եւ գերմանական KfW բանկի միջեւ:
Կարեւորելով Երեւան-Թբիլիսի եւ Երեւան-Բաթումի կանոնավոր չվերթերի գործարկումը` Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հանձնարարել են պատասխանատու մարմինների ղեկավարներին քննարկել չվերթերի վերսկսման լուծումներ:
Հայկական կողմը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել: Տեղեկացնելով, որ Վրաստանի միգրացիոն քաղաքականության օրենսդրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ, վրացական կողմը բանակցությունների ընթացքում խոստացել է, որ մինչեւ 2015 թ. առաջին եռամսյակի ավարտն բարձրացված բոլոր խնդիրներին լուծում կտրվի օտարերկրյա, այդ թվում նաեւ՝ ՀՀ քաղաքացիների համար:
Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը եւ վերականգնումը: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի վերանորոգման նպատակով 2015 թ. բյուջեով միջոցներ նախատեսելու համար:
Հովիկ Աբրահամյանը Իրակլի Ղարիբաշվիլիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հանդես են եկել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար նախատեսված հայտարարությամբ:
Նմանատիպ նյութեր
5615 դիտում
18:07 23-02-2017
Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների բարձր մակարդակի բանակցությունները
11010 դիտում
15:38 30-05-2018
Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»