11013 դիտում
15:38 30-05-2018
Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետև ուղևորվել կառավարություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին:
Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Վրաստանի վարչապետը ողջունել է հայաստանյան գործընկերներին ու ևս մեկ անգամ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում և նոր ազդակ հաղորդելու հայ-վրացական կապերին:
«Մենք մեծ ուշադրությամբ էինք հետևում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Մեր բարեկամ հայ ժողովուրդը ցուցաբերեց միասնականություն, ինչի արդյունքում ժողովրդավարական ճանապարհով տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Ցանկանում եմ վստահեցնել, որ կանենք ամեն ինչ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու և առկա ողջ ներուժն իրացնելու համար: Ունենք լավ հնարավորություն երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների նոր փուլը սկսելու համար»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը և Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն: «Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան, որի հետ մեզ կապում են հազարամյակների պատմական սերտ առնչությունները, բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: Հավատացած եմ, որ մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերություններով պայմանավորված՝ միջպետական երկխոսությունն ամուր հիմք կստեղծի մեր համագործակցության առավել ամրապնդման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների մասին մտածում են միանման:
Վարչապետը շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և անդրադարձել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադաձություններին՝ ընդգծելով, որ թավշյա ոչ բռնի իշխանափոխությունը հանդիսանում էր մեր ժողովրդի կամքի դրսևորումը և չունի որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ:
ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը շահագրգռված է գործադրել հնարավոր ջանքերը Վրաստանի հետ հարուստ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս այցի ընթացքում կողմերը կնախանշեն համագործակցության նոր հնարավորությունները և ուղղությունները՝ ի շահ երկու պետությունների և ժողովուրդների: «Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչը հարիր է երկու հարևան և եղբայրական պետություններին: Վստահ եմ, որ մեր հարաբերություններում շարունակելու ենք առաջնորդվել այն սկզբունքով, որ մեր միջև անլուծելի հարցեր չկան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:
Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և կարևորել անվտանգության ու կայունության պահպանումը:
Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը: Նիկոլ Փաշինյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
5615 դիտում
18:07 23-02-2017
Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների բարձր մակարդակի բանակցությունները
1329 դիտում
18:52 11-12-2014
Թբիլիսիում կայացել են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները
5642 դիտում
17:20 30-10-2015
Թբիլիսիում կայացել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»