211652_close_icon
views-count1909 դիտում article-date 10:12 11-03-2015

ՀՀ կառավարությունը պատրաստվում է արտաքին խոշոր պարտք ներգրավել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ինչպես 2013թ.-ին, այս տարի ևս արտաքին խոշոր պարտքը ներգրավվելու է եվրապարտատոմսեր թողարկելու միջոցով: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության երեկվա նիստին ներկայացրել է մի քանի փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են պարտատոմսերի թողարկման համար: Առայժմ անհայտ է, թե որքան պարտք է ուզում վերցնել կառավարությունը այս անգամ: Ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունը դեռ 2 ամիս առաջ մտադիր էր թողարկել մինչև 600 մլն դոլարի եվրապարտատոմսեր, այսինքն հենց այդքան պարտք ներգրավել: Սակայն ծավալը վերջնականապես որոշված չէ։ Դա կախված է նրանից, թե ինչպիսի տնտեսական իրավիճակում կհայտնվի Հայաստանը առաջիկայում, և բացառված չէ, որ ներգրավվի ավելի մեծ գումար 800 մլն դոլարից մինչև 1 միլիարդ: Դա կախված է նաև նրանից, թե արտաքին ուրիշ ինչ աղբյուրներից կարելի է պարտք վերցնել: Հաշվի առնելով, որ այդ հնարավորությունները այժմ բավականին սահմանափակ են, պետք է ենթադրել, որ կառավարությունը, այնուամենայնիվ, կգնա եվրապարտատոմսերի միջոցով ավելի մեծ պարտք ներգրավելուն: Նշենք, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունները նվազեցրել են ՀՀ վարկանիշը, ինչի հետևանքով, հավանաբար, եվրապարտատոմսերի միջոցով ներգրավվելիք արտաքին պարտքի տոկոսադրույքը բավականին բարձր կլինի՝ մինչև 8%: Այդպիսի տոկոսադրույքով ՀՀ-ն դեռ երբեք արտաքին պարտք չի ներգրավել: Առաջին անգամ ՀՀ-ն եվրապարտատոմսեր է թողարկել 2013-ին, որոնցով ներգրավված պարտքի տոկոսը ընդամենը 6.25 էր: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր