211652_close_icon
views-count843 դիտում article-date 15:21 14-03-2015

ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի միջև համաձայնագիր է կնքվել

ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի միջև երկարամյա փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով այսօր նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը և հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Գրեգ Ֆոստերը ստորագրել են համագործակցության համաձայնագիր: ՀՖՀԱ հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանում բնակարանային աղքատության վերացմանը, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կարողությունների զարգացմանը, ՀՀ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը: Ողջունելով հյուրերին, նախարարի տեղակալ Ա. Ղուլարյանը նշել է, որ ստորագրվող համաձայնագիրն էլ ավելի կնպաստի երկուստեք փոխշահավետ գործունեություն ծավալելուն: Նա նշել է, որ ՀՀ անկախության հռչակումից հետո բազմաթիվ այլ հիմնախնդիրների շարքում կառավարության առջև ծառացել են նաև անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման և բնակարանային ֆոնդի անվտանգ շահագործման խնդիրները: Դրանք հիմնականում պայմանավորված են եղել մի քանի գործոններով՝ 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացմամբ, Ադրբեջանից փախստականների ներհոսքով, սողանքային երևույթների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ և այլն: Ա. Ղուլարյանն իր խոսքում նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է նախարարության և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի միջև: Փոխնախարարը կարևորել է, որ համաձայնագրի ստորագրումը իրավական հիմքեր կստեղծի բնակարանային ոլորտում համագործակցության համար: Պարոն Գրեգ Ֆոստերը շնորհակալություն հայտնելով նախարարության ներկայացուցիչներին, Հայաստանում իրենց կազմակերպությանը աջակցելու և համագործակցելու համար, նշել է, որ միայն այս տարի Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակը պլանավորել է բարելավել ավելի քան 500.000 մարդու բնակարանային պայմաններ՝ այս համատեքստում պատրաստակամություն հայտնելով իրենց ծրագրի շրջանակներում օգնելու և աջակցելու Հայաստանին:

Նմանատիպ նյութեր