211652_close_icon
views-count688 դիտում article-date 19:26 18-03-2015

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը պատրաստակամ է խթանելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական կապերի ընդլայնման, բիզնես միջավայրի բարելավման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ այլ բնագավառներում: Յոհանես Հանը շեշտել է, որ Եվրոպական միությունը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման, ամրապնդման գործում եւ հույս հայտնել, որ իր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: ԵՄ հանձնակատարը շեշտել է, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, խոսքի ազատության ոլորտներում եւ կարեւորել այդ ուղղությամբ նախատեսվող հետագա ծրագրերի իրականացումը: Յոհանես Հանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը եւ ԵՄ-ն ապագայում եւս կշարունակեն իրականացնել փոխշահավետ բազմաթիվ ծրագրեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի ձեւավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ավիացիայի ոլորտում փոխգործակցության զարգացման, ԵՄ մուտքի վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են կատարել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր