211652_close_icon
views-count2277 դիտում article-date 16:29 19-03-2015

Դեր Զորով անցած հարսանեկան լուսանկար՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից

Յոզղաթցի Կղեմես և Ռեբեկա Քյուրքչյանների հարսանեկան լուսանկարն է (Յոզղաթ, 1910 թ.): Սա Քյուրքչյան ընտանիքից մնացած միակ լուսանկար - մասունքն է: Լուսանկարը ժամանակի ընթացքում մեջտեղից պատռվել է, այնուհետև ամրացվել կպչաժապավենով: Դարձերեսի ձեռագիր տեքստում ներկայացվում է ընտանիքի ճակատագիրը և լուսանկարը փրկելու պատմությունը: 1915 թվականին` «Տեղահանության մասին» օրենքի ընդունումից հետո, սկսվեց արևմտահայերի զանգվածային բռնագաղթը, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության հանդեպ կիրառված աննախադեպ բռնություններով: Հայերին ստիպում էին ուրանալ իրենց կրոնը: Սկսվեցին զանգվածային տեղահանություններ դեպի Միջագետքի անապատներ` Դեր Զոր, Ռաս ուլ-Այն, Մեսքենե և այլ բնակավայրեր, որոնց կից ստեղծվեցին գաղթակայաններ: 1915 թվականին Կղեմես Քյուրքչյանը Յոզղաթից տեղահանվեց և քշվեց Դեր Զոր: Ամուսնու ձերբակալվելուց և սպանվելուց հետո նրա կինը` Ռեբեկան, փախուստի է դիմել և մազապուրծ փրկվել Յոզղաթի սարսափելի կոտորածներից: Ամուսնուց մնացած միակ հիշատակը, որ կինը կարողացել է վերցնել իր հետ բռնագաղթի ժամանակ, հարսանեկան այս լուսանկարն է: Ռեբեկան այն ծալել և թաքցրել էր իր մոտ` այդկերպ փրկելով ընտանիքից մնացած թանկ մասունքը: «Ես տեսա, թե բարբարոս ամբոխն ինչպիսի խոշտանգումների էր ենթարկում դեռևս հոգեվարքի ցնցումների մեջ գտնվող մարդկանց մարմինները. ոտքից էին ձգում, ձեռքից, և որպեսզի զվարճացնեին մուսուլման ամբոխին, ոստիկաններն ու ժանդարմները ատրճանակներով կրակում էին աննկարագրելի այլանդակված դիակների վրա: Այնուհետև ամբոխը նետվեց դեպի գերմանական հիվանդանոց՝ գոռալով. «Յաշասըն Ալմանիա» (կեցցե՛Գերմանիան): Մուսուլմաններն անվերջ կրկնում էին, թե հենց Գերմանիան է մեղավոր, որ իրենք այսպես են վարվում հայերի հետ»: Կիլիկիայի կոտորածների գերմանացի ականատեսի ուղեգրությունից [url=http://www.genocide-museum.am/arm/19.03.2015-100photos.php]Աղբյուրը[/url]՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու «100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից

Նմանատիպ նյութեր