211652_close_icon
views-count966 դիտում article-date 13:35 01-04-2015

Դեսպան Ղազարյանը հանդիպել է Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ

Մարտի 31-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անջեյ Արենդարսկու հետ: Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը ողջունեց դեսպան Ղազարյանի այցը պալատ և հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության իրականացման ընթացքում՝ ակնկալելով այդ ժամանակահատվածում հայ-լեհական գործարար հարաբերությունների զարգացում: Պալատի նախագան իր խոսքում նշեց, որ հայ-լեհական գործարար կապերը վերջին տարիներին ունեն զարգացման կայուն աճ, սակայն դրանց ծավալները հնարավոր է ավելի զարգացնել: Անդրադառնալով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի. ինչպես նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության հետ Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի ստորագրած համագործակցության պայմանագրերին` Անջեյ Արենդարսկին գոհունակություն հայտնեց հայ գործընկերների հետ իրենց համագործակցությունից: Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ նշելով, որ հայ-լեհական գործարար կապերի զարգացումը հանդիսանում է երկու պետությունների հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկը: Դեսպանը նշեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված հեռանկարները՝ շեշտելով այն մրցակցային առավելությունները և գործարար միջավայրում առկա հնարավորությունները, որոնք վերջին տարիներին ստեղծվել են Հայաստանում: Էդգար Ղազարյանի դիտարկմամբ` Հայաստանը կարող է լուրջ գործընկեր հանդիսանալ եվրոպական, մասնավորապես լեհական ընկերությունների համար ԵՏՄ միասնական տարածքում ակտիվ գործարարությամբ զբաղվելու համար: Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահին տեղեկացրեց 2015թ. ընթացքում Հայաստանում կայանալիք գործարար համաժողովների ու ցուցահանդեսների մասին՝ առաջարկելով դրանցում դիտարկել նաև լեհական ընկերությունների մասնակցությունը:

Նմանատիպ նյութեր