211652_close_icon
views-count1400 դիտում article-date 10:03 15-04-2015

Աստվածաշնչի վրա երդումը խախտելու ընդունակ պոտենցիալ ստախոսներն անկեղծորեն համոզված են, որ իսկապես հավատացյալ են. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Gallup international կազմակերպության զեկույցի համաձայն՝ աշխարհի բոլոր երկրների շարքում հավատացյալների քանակով Հայաստանը երկրորդն է՝ այստեղ որպես հավատացյալ է ներկայացել բնակչության 93 տոկոսը: Տվյալ դեպքում հակված եմ հավատալու, որ հայաստանցիների 93 տոկոսը հայտարարել է իր կրոնական զգացմունքների մասին: Ուրիշ հարց, թե որքանով են այդ հայտարարություններն անկեղծ: Այդ հարցին պատասխանելու համար առաջարկում եմ մտովի մի փորձ անել: Ենթադրենք, Հայաստանում դատավարությունների ժամանակ վկաներին առաջարկեն ձեռքը դնել Աստվածաշնչի վրա և երդվել, որ ասելու են ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ՝ բացի ճշմարտությունից: Նա, ով իրեն «հավատացյալ» է համարում, տալիս է այդ երդումը: Իսկ հիմա ասացեք, խնդրեմ՝ այդ 93 տոկոսից քանի՞ տոկոսն է ընդունակ այդ երդումից հետո առանց աչքը թարթելու սուտ ասել: Ընդ որում, Աստվածաշնչի վրա երդումը խախտելու ընդունակ պոտենցիալ ստախոսներն անկեղծորեն համոզված են, որ իսկապես հավատացյալ են՝ նրանք մկրտված են, եկեղեցի են գնում, գուցե նույնիսկ «Հայր մերը» գիտեն: Բայց նրանց հավատն ինձ համար խիստ կասկածելի է: Ինչպես և բոլոր հայաստանցիների, ում իրական գաղափարախոսությունը հիմնված է խաբելու և «քցելու» վրա: Եվ հակառակը, ըստ Gallup international-ի նույն զեկույցի՝ կոմունիստական Չինաստանի միայն 7 տոկոսն է իրեն նույնականացնում որևէ հավատքի հետ, իսկ 61 տոկոսն իրեն հայտարարել է աթեիստ: Բայց ես ենթադրում եմ, որ նույնիսկ այդ «աթեիստների» աշխարհընկալումը հիմնված է բուդդիզմի, դաոսիզմի և Կոնֆուցիոսի ուսմունքի վրա, անգամ եթե նրանք գիտակցական մակարդակով չեն ընկալում այդ ուսմունքները: Չինացիների սովորելու, աշխատելու, նաև՝ կարգուկանոնն ու հասարակությունը հարգելու ձևի մեջ, ինձ թվում է, կա կրոնական երանգ: Նույն ուսումնասիրության համաձայն՝ Իսրայելը նույնպես առանձնապես «հավատացյալ» երկիր չէ: Բայց, անկախ այդ ազգի կրոնական մոլեռանդության աստիճանից, նրանք ունեն Թալմուդ, որը ոչ միայն կրոնական գիրք է, այլև «օրենսդրական» մի հավաքածու, որի նկատմամբ հարգանքը դաստիարակվել է հարյուրամյակներով: Գուցե նաև այդ պատճառով է, որ Իսրայելը չունի Սահմանադրություն»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր