211652_close_icon
views-count733 դիտում article-date 19:40 15-04-2015

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ: Հանդիպմանը անդրադարձ եղավ մարտի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին Չինաստան, որտեղ քննարկված մի շարք հարցերի թվում էին նաև հայ -չինական հնարավոր համագործակցությունը Հայաստանում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերում: Նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ չինական ընկերությունները շահագրգռված են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում ընդգրկվելու համար: Հայկական կողմն ակտիվ աշխատում է չինական ընկերությունների հետ՝ երկաթուղային, ավտոմոբիլային և այլ ոլորտներում ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, ինչը Չինաստանի համար կարևոր նշանակություն ունի Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում: Դեսպանի խոսքերով՝ վերջին շրջանում չինացի գործարարների հետաքրքրությունը աճել է Հայաստանում ներդրումներ կատարելու և տեղական ծրագրերին մասնակցելու առումով: Նա նաև նշեց, որ Հայաստանի և Չինաստանի նախագահների կողմից տրված հանձնարարությամբ՝ առաջիկայում պետք է կայանա հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ կհստակեցվեն այն ոլորտները, որոնցում հայկական կողմը ցանկանում է համագործակցել Չինաստանի հետ: Քննարկվող հարցերի թվում կլինեն նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիրը», ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի ոլորտը: Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:

Նմանատիպ նյութեր