Բարձրագույն մասնագիտական կրթություն` բոլորի համար
Ապրիլի 30-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` «Բարձրագույն մասնագիտական կրթություն հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով: Այն նախաձեռնել էին Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանում Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, «Հույսի կամուրջ» ՀԿ-ն, Հայաստանի պետական մանկավարժական և Գորիսի պետական համալսարանները: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչներ ու մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ:
Հանդիպման մասնակիցներն իրենց խոսքում ուշադրություն հրավիրեցին Հայաստանում ներառական կրթության ապահովման գործում առկա խնդիրների վրա: Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանի խոսքով՝ բոլոր ուսումնական հաստատությունները և, մասնավորապես ԲՈՒՀ-երը, պարտավոր են քաղաքացիների համար ստեղծել կրթություն ստանալու համապատասխան պայմաններ:
- Մենք ցանկանում ենք լրացնել ներառական կրթության թերի կողմերը,- ասաց Ս. Օհանյանը,- այս նպատակով կրթության ոլորտի մասնագետների համար ստեղծվել են նախնական դասընթացներ, որոշ մասնագետներ վերապատրաստվել են արտերկրում, ինչպես նաև մշակվել են հատուկ դասագրքեր: