211652_close_icon
views-count2414 դիտում article-date 11:08 14-05-2015

Օգոստոսին հնարավոր են զինադադարի ռեժիմի ավելի կոպիտ խախտումներ՝ ծանր զինտեխնիկայի, առաջին հերթին՝ տանկերի կիրառման միջոցով. ՀԱ

«Ամեն տարվա մայիսի կեսերին մեզանում նշվող՝ Ղարաբաղյան պատերազմում 1994թ. հաստատված զինադադարի հերթական տարեդարձը այս անգամ համընկավ, մի կողմից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների, մյուս կողմից՝ հունիսին Բաքվում սպասվող առաջին Եվրոպական խաղերի նախապատրաստման հետ,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Ուստի ամենևին էլ ոչ մեր «սև աչքերի» համար ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանը վերջին ամսվա ընթացքում նվազեցրեց իր ակտիվությունը՝ նոր սադրանքների վերսկսման համար սպասելով ավելի բարենպաստ ժամանակաշրջանի։ Գոնե վերջին շաբաթներին, երբ Եվրոպական խաղերի ջահը պտտեցվում էր ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գոտու երկայնքով՝ Հորադիզից մինչև Թարթառ, Բաքուն չէր կարող իրեն նոր սադրանքներ թույլ տալ։ Նույնը կարելի է ասել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին մեր հակառակորդի դրսևորած համեմատաբար պասիվ կեցվածքի մասին։ Ի վերջո Եվրոպական խաղերին մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, ուստի Ադրբեջանում լավ են հասկացել, որ եթե իրենք «հարամեն» հայերի սուգը, ապա վերջիններս բարոյական իրավունք կունենան նույն կերպ վարվելու միլիարդավոր դոլարներ արժեցող Բաքվի մարզական տոնի հետ։ Ակնհայտ է նաև, որ զինադադարի հաստատման 21-րդ տարեդարձի օրերին ստեղծված փխրուն խաղաղությունը բոլորովին էլ չի վկայում մեր հակառակորդի խաղաղանալու մասին։ Ընդհակառակը, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում տիրող բարդ կացությունը հանգուցալուծելու ուղղությամբ ներկայումս գլոբալ մակարդակով ձեռնարկվող փորձերի պայմաններում Բաքուն ուղղակի ժամանակ է շահում՝ 2015թ. հունիսից հետո ավելի ագրեսիվ գործողությունների անցնելու համար։ Այս համատեքստում ուշագրավ է վերջերս ռուսաստանյան քաղաքական դետերի կողմից ասպարեզ նետված այն տեսակետը, որ առաջիկա օգոստոսին հնարավոր են զինադադարի ռեժիմի ավելի կոպիտ խախտումներ՝ ծանր զինտեխնիկայի, առաջին հերթին՝ տանկերի կիրառման միջոցով։ Նման մտադրությունների մասին են վկայում նաև ներկայումս Բաքվում ու Նախիջևանում շարունակվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր