18795 դիտում
14:47 17-05-2015
Ե՞րբ է Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը վերահսկողության տակ պահելու ասֆալտապատման աշխատանքները, որոնք որոշ տեղերում կատարվում են «հռի կոպալի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ ճանապարհների մարդաբոյ փոսերի պատճառով մեքենաները շարքից դուրս են գալիս, իսկ երբեմն էլ այդ նույն փոսերի հետևանքով վթարներ են տեղի ունենում, այդ թվում՝ ողբերգական, պատկան մարմինները լալահառաջ արձագանքում են ՝ վարորդներն են մեղավոր, որ ընկնում են փոսերը:
Գաղտնիք չէ, որ քաղաքակիրթ երկրներում վարորդը, երբ ավտոմեքենան շահագործելու համար տեխզննում անցնելու անվան տակ գումար է վճարում, ապա դա նշանակում է որ վարորդի համար պետք է արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, մասնավորապես՝ ճանապարհներին պետք է փոսեր և այլ արգելքներ չլինեն:
Մեզ մոտ՝ Հայաստանում, պատկերն այլ է. ամեն տարի կամ կապիտալ վերանորոգում են նույն ճանապարհները, կամ կարկատում են ու միայն Հայաստանում ես ականատես լինում, որ կարկատումը կատարում են կամ անձրևին կամ փոսերում եղած ջրի պայմաններում:
Այսօր՝ մայիսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես են անձրևային եղանակին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի տարածքում կատարվում ասֆալտապատման աշխատանքներ, մինչդեռ և մասնագետները և ոչ մասնագետները իրենց խոսքում ասում են, որ այդ ասֆալտը մեկ ամսվա կյանք էլ չի ունենա:
Նույն պատկերն է Սպիտակի ոլորաններում, մի տարբերությամբ միայն, որտեղ անձրև չի գալիս, սակայն փոսերը լցված են անձրևաջրով, այդ հատվածում էլ ասֆալտը երկար կյանք չի ունենա:
Մնում է վարորդներին ցանկանալ համբերություն և մեծ վարպետութուն, որպեսզի փոսերը շրջանցելով՝ ապահով հասնեն իրենց ուզած վայր: Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ երևի կտեղեկացվի այս «որակյալ» ասֆալտապատման գործողություններին ու հետևություններ կանի, ինչի արդյունքում միգուցե մի հրովարտակ արձակի և սևով սպիտակի վրա գրի, որ այդ եղանակին և այդ պայմաններում ասֆալտապատման աշխատանքներ չպետք է կատարվեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+