211652_close_icon
views-count2422 դիտում article-date 14:22 12-06-2015

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենը չի ներկայացել լսումներին, ինչը պատգամավորները լկտի պահվածք որակեցին

ՀԷՑ ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը չի ներկայացել Էլէներգիայի սակագնի վերանայման հայտով խորհրդարանական լսումներին: Այս մասին հայտարարեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ավելացնելով, որ Բիբինն այդ մասին նախապես տեղյակ է պահվել: Նրա բացակայությունը վրդովեցրեց ներկաներին, իսկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նրա քայլը լկտի վերաբերմունք համարեց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ ափսոսանք հայտնեց, որ Բիբինը ներկա չէ եւ ինքը պատասխանեց պատգամավորների հարցերին եւ իր խոսքում նշեց. «Երբ ՀՀԿ-ում քննարկումներ էինք կազմակերպում, Բիբինը փորձեց մեղքը տեսնել արտադրվող կայանների հաշվեկշռի չապահովման մեջ՝ չանդրադառնալով նրան, որ կան թերացումներ, սխալներ, վատ մենեջմենտ: 2007-2015 թթ. ընկերությունը ՀՀ էներգետիկ համակարգում 102 միլիարդ դրամի ներդրումներ է կատարել, որոնք պիտի կոչված լինեին հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարել սպառողներին, լավացնել ծառայություների որակը, կրճատել վթարները, վթարավերականգնողական աշխատանքներ իրականցնեին: Բայց դրանցից 22 միլիարդը հանձնաժողովի կողմից չի ընդունվել, քանի որ այդ գնումների առյուծի բաժինը իրականացրել են շուկայականից բարձր գներով»: ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե ով է «ՀԷՑ»-ին իրավունք տվել բարեգործություններ կատարել՝ դպրոցներ, մանկապարտեզներ են վերանորոգել եւ 7 հատ եկեղեցի վերանորոգել, ինչին ի պատասխան Ռոբերտ Նազարյանը արձագանքեց, թե ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչի համար բարեգործություն անել։ Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ ներկա պահին ցերեկը ՀԷԿ սակագինը կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամ է, իսկ գիշերը՝ 31.85 դրամ, այնինչ ՀԷՑ-ը պահանջում է ՀԷԿ-ի սակագինը բարձրացնել մինչև 58 եւ 48 դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ էլեկտրաէներգիան կթանկանա ոչ թե 7, այլ 6,93 դրամով:

Նմանատիպ նյութեր