211652_close_icon
views-count829 դիտում article-date 18:34 26-06-2015

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել

Եվրոպական խորհրդարանում Արտակ Զաքարյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ Ռիչարդ Չառնեցկու, Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու, ԵԺԿ խմբի պատգամավորներ Ֆրանկ էնգելի եւ Ագնեշկա Կոզլովսկա-Ռաեւիչի, Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբի փոխնախագահ Կնուտ Ֆլեքենշտայնի եւ պատգամավոր Գեորգ Պիրինսկու, Եվրախորհրդարանի Կանաչների խմբի/Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալայի, Եվրախորհրդարանի Ազատության Եվրոպա եւ ուղիղ ժողովրդավարություն խմբի փոխնախագահ Ռոլանդաս Պակսասի, խմբի պատգամավորներ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լաուրա Ագեայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցությանն առնչվող խնդիրներ: Քննարկումների ընթացքում բարձր է գնահատվել արտաքին քաղաքական տարբեր ոլորտներում Հայաստանի կողմից վարվող կառուցողական քաղաքականությունը: Կարեւորվել են Ռիգայի գագաթաժողովում Հայաստանի կողմից ամրագրված դիրքորոշումներն ու համաձայնությունները: Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանը բարձր է գնահատում 2015 թ. ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, ինչպես նաեւ եվրոպական շատ երկրների ազնիվ արձագանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ եվրապատգամավորների հաճախակի այցելությունները Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ նշել, որ այդ այցելությունները շարունակական լիցքեր են հաղորդում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Քննարկվել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում առկա իրավիճակի, լարվածության աճի եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների հանձնել է ԱԺ պատվոգրեր եւ շնորհակալագրեր` ՀՀ-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատել հայ խորհրդարանականների հետ ակտիվ կապերի ու գործնական հարաբերությունների առաջմղման անհրաժեշտությունը եւ այդ հարցում վերահաստատել են իրենց պատրաստակամությունը: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում իրականացվելիք մի շարք համատեղ նախաձեռնությունների շուրջ:

Նմանատիպ նյութեր