Այդպիսի կազմակերպություններում հարկավոր է իրականացնել նաև համեմատական և արդյունավետության աուդիտ. ՀԱ
Ստորև ներկայացնում ենք մի հատված տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Աշոտ Թավադյանի հետ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցազրույցից.
« -Ինչպես հայտնի է, հանրապետության նախագահը առաջարկել է ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնել և պարզել, թե որքանով է հիմնավորված էլեկտրաէներգիայի թանկացումը: Ըստ ձեզ՝ աուդիտի անցկացումը լավագույն ե՞լքն է ստեղծված իրավիճակի համար:
-Հանրապետության նախագահը, կարծում եմ, ճիշտ որոշում է կայացրել՝ միջազգային աուդիտ նախաձեռնելով: Իսկապես մանրակրկիտ աուդիտը հիմա անհրաժեշտություն է և, կարծում եմ, ամենալավ ելքն է:
Բայց անհրաժեշտ է, որպեսզի աուդիտը բազմակողմանի լինի: Բանն այն է, որ միջազգային աուդիտորական կազմակերպությունները հիմնականում իրականացնում են հաշվապահական աուդիտ՝ պարզելով, թե միջազգային չափորոշիչներին համապատասխա՞ն են կազմվել ընկերության հաշվետվությունները: Ծախսերը, շահույթը ճի՞շտ են գրանցվել և հարկային պարտավորությունները լիարժե՞ք են կատարել:
Նման աուդիտը լիարժեքորեն բավարար է միայն այն մասնավոր կազմակերպությունների համար, որոնք մրցակցային դաշտում են գործում: Բայց բավարար չէ պետական կամ ակնհայտ մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպությունների համար: Այդպիսի կազմակերպություններում հարկավոր է իրականացնել նաև համեմատական և արդյունավետության աուդիտ:
Արդյունավետության աուդիտ անցկացնելով՝ հնարավոր կլինի բացահայտել այն ծախսերը, որոնք արվել են ոլորտի կառավարման համար, և հասկանալ՝ արդյունավետորե՞ն են դրանք կատարվել, նպաստե՞լ են համակարգի զարգացմանը, թե՞ համակարգը դոփել է տեղում:
Համեմատական աուդիտով հարկավոր է որոշել՝ ընկերության իրականացրած գնումները համապատասխանո՞ւմ են շուկայական արժեքներին, թե՞ գերազանցում են: Ըստ այդմ հայտնի կլինի՝ չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։