211652_close_icon
views-count2444 դիտում article-date 22:35 22-07-2015

ՀՀ գյուղնախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի քարտուղարի տեղակալի հետ

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 21-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) քարտուղարի տեղակալ Մայքլ Սքուզի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել բրուցելյոզի ազգային ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքների, բրուցելյոզի ազգային վերահսկման և արձագանքման ռազմավարության մշակման, պատվաստումների նպատակահարմարության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման իրականացման և մի շարք այլ հարցեր: «Հայաստանում այսօր արդիական է կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառումը, և այս հարցում մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությունը և փորձի փոխանակման միջոցով համագործակցությունը հայ մասնագետների հետ», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը ընդհանուր ուղղություններով ներկայացրել է նաև ՀՀ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները, ոլորտի աջակցությանն ուղղված պետական ծրագրերն ու դրանց արդյունքները: Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի տարբեր ճյուղերում USDA-ի օժանդակությամբ վերջին տարիներին իրականացվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև Գյուղդեպարտամենտի աջակցությամբ Հայաստանում հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ATC) ու Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) գործունեությունը: Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի մասնավոր խորհրդատվական համակարգի զարգացման անհրաժեշտության հարցին: Զրույցի ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը` ելնելով ոլորտի առաջնահերթություններից: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարարություն[/b]

Նմանատիպ նյութեր