Ճանապարհային ոստիկանությունը ո՞ւմ և ինչի՞ համար է գրանցելու «սև ցուցակում», այսպես ասած` նրանք համարվելու են «պերսոնա նոն գրատա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` հուլիսի 22-ին Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և նրանք տուգանվել են 100 հազարից, 200 հազար դրամի չափով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիմնականում տուգանային հրապարակ են բերվել Mercedes G (յաշիկ), BMW-ներ, Mercedes ML, Nissan-ներ, Lexus-ներ, ոսկե երիտասարդների սիրած Նիվաներ և այլ մակնիշի ավտոմեքենաներ:
ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաև այնպիսի ավտոմեքենաներ, որոնց վարորդները իրենց երկաթյա նժույգների վրա տեղադրել են գերձայնային ազդանշաններ (դռիկներ):
ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է ուժեղացված ծառայությունը հանրապետությունում և բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվելու են վարչական ակտեր, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների մեքենաները տեղափոխվելու են համապատասխան վայր:
ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ աշխատանքների հսկողությունը դրվել է ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի վրա, իսկ վերջինիս հանձնարարությամբ Երևանում հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ ոստիկանության մայոր Արման Հակոբյանի, իսկ մարզերում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի վրա:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով այն վարորդները ովքեր կլինեն ոչ սթափ և կպարզվի, որ նրանք նախկինում ենթարկվել են վարչական պատասխանատվության խմած ավտոմեքենա վարելու համար նրանք 1 տարով կզրկվեն ավտոմեքենա վարելու իրավունքից: Այսպես ասած ճանապարհային ոստիկանությունը նրանց կհայտարարի պերսոնա նոն գրատա:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի