211652_close_icon
views-count2757 դիտում article-date 21:32 06-08-2015

Արցախի վարչապետը ներկա է գտնվել Ավետարանոցի մանկապարտեզի նոր շենքի շահագործման արարողությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Գերմանիայի «Հայ գործարարների միության» և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի բացմանը հնչած ելույթներում կարևորվվել է նորակառույց շենքի նշանակությունը համայնքի զարգացման, մատաղ սերնդի դաստիարակության և երիտասարդության արտահոսքը կանխելու գործում: Համայնքի ավագանու որոշմամբ՝ միության ներկայացուցիչներ Մուրատ Աքյուզին, Պետրոս Ազատյանին և Մասիս Պետրոսյանին շնորհվել են Ավետարանոցի պատվավոր քաղաքացիների կոչումներ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, միության նախագահ Մուրատ Աքյուզն իր գործընկերների անունից վստահեցրել է, որ օժանդակությունն Ավետարանոցի զարգացմանը միտված ծրագրերին տևական է լինելու, և իրենք հետագայում ևս մեծ սիրով մասնակցելու են համայնքային խնդիրների լուծմանը: Արցախի Հանրապետության իշխանությունների անունից շնորհավորելով Ավետարանոցի բնակիչներին՝ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը վստահեցրել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզաշինության և դպրոցաշինության ծրագրերը` ապահովելով հանրապետության կրթական ցանցի բարելավումը: Միջոցառման ավարտին մանկապարտեզի սաները հանդես են եկել գրական-երաժշտական ներկայացմամբ: Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար՝ շուրջ 60 երեխայի ընդգրկմամբ:

Նմանատիպ նյութեր