211652_close_icon
views-count1473 դիտում article-date 18:05 19-08-2015

ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են սփյուռքահայ բարերարներ

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն օգոստոսի 19-ին ընդունել է «Հայ օգնության միության», «Հայ կրթական հիմնարկության» տնօրենների խորհուրդների և Երևանի պետական համալսարանի մի խումբ անդամների և դասախոսների: Ողջունելով հյուրերին՝ Ա. Աղաբեկյանն Արցախի իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել ներկաներին` հայրենիքի զարգացման գործում ունեցած նպաստի համար և հաջողություններ մաղթել նրանց` իրենց հետագա հայրենանվեր ձեռնարկներում: Փոխվարչապետը սփյուռքահայ հասարակական ու ազգային գործիչ Ժասմեն Բոնիաթյան-Ջարահյանին և հասարակական գործիչ ու բարերար Հայկուշ Հեյդի Քոհլերին հանձնել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալները, որոնցով նրանք պարգևատրվել են Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Արցախի բարգավաճմանն ու զարգացմանն ուղղված գործունեության և բարեգործական ծրագրերի իրականացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար: Շնորհակալություն հայտնելով պատվաբեր պարգևի արժանանալու համար` բարերարները նշել են, որ ցուցաբերվող գնահատանքը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս մասնակցել Արցախի համար կարևոր խնդիրների լուծմանը: Ողջունելով հյուրերին` կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը կարևորել է սփյուռքահայ գործիչների դերը հատկապես կրթության ոլորտում` հատկանշելով պատերազմից ի վեր ՀՕՄ-ի կողմից վերագործարկված տասնյակ մանկապարտեզների նշանակությունը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին` խորհրդի կողմից արդեն 4-րդ անգամ Շուշիում կազմակերպվող ասմունքի փառատոնի համար և կարևորել մշակութային այդ միջոցառումը մատաղ սերնդի մոտ գեղագիտական ճաշակի ձևավորման գործում: Հանդիպման ավարտին փոխվարչապետը, որպես հուշանվեր, հյուրերին է հանձնել արցախցի մեղվաբույծների արտադրանքի անհատական փաթեթավորումն իրականացնող «Արցախ մեղր» ընկերության առաջին խմբաքանակը:

Նմանատիպ նյութեր