211652_close_icon
views-count2329 դիտում article-date 11:14 26-08-2015

Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսյան խորհրդակցություններ է անցկացրել Գեղարքունիքի մարզում

2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը շարունակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում, որտեղ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների խորհրդակցությանը, հանդիպել Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Ամենամյա համաժողովի սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի վիճակագրությունը: Այսպիսով, մարզում գործում է 125 դպրոց, որոնցում սովորում է 28980 աշակերտ: Ուսուցիչների թիվը 3006 է: Վարչության պետն անդրադարձ է կատարել ուսուցիչների ատեստավորման, առարկայական օլիմպիադաներում մարզի աշակերտների մասնակցության, դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների, դասագրքերով ապահովվածության և դրանց վարձավճարների գանձման, անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների, մարզում ներառական կրթության ներդրման և բազմաթիվ այլ հարցերի: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նշել է, որ գալիք ուսումնական տարին նոր նախաձեռնությունների, ինչպես նաև հին խնդիրների լուծման տարի է լինելու, որոնք պահանջում են համակարգային լուծում: Նախարարը տնօրեններին է ներկայացրել այն կարևոր համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսված են առաջիկայում: Մասնավորապես, ըստ Արմեն Աշոտյանի՝ սկսած 2017 թվականից պարտադիր հանրակրթության տևողությունը մեր երկրում կլինի 12 տարի: "Վիճակագրական տվյալների համաձայն` տարեկան 3-4 հազար աշակերտ 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը: Այդ խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարևորության տեսանկյունից: Այսինքն՝ աշակերտների 13 տոկոսը 9-րդ դասարանից հետո դատապարտված է աղքատության, քանի որ ցածր կրթական ցենզով դժվար է աշխատանք գտնել: Բացի այդ, ըստ ոստիկանության տվյալների՝ հակասոցիալական վարք դրսևորողների 20 տոկոսն ունի ընդամենը 9-ամյա կրթություն: Ուստի, ներկայումս հրատապ խնդիր է այդ 3500-4000 աշակերտին փողոցից վերադարձնել դպրոց կամ նրանց ուղղորդել ուսումնարաններ և քոլեջներ՝ որևէ մասնագիտություն ստանալու: Հետևաբար, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ երեք տարիների կրթության ծախսերը",-նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը նաև անդրադարձել է մինչև 2025 թվականը հանրապետության բոլոր դպրոցներում համընդհանուր ներառականության անցման խնդրին՝ ընդգծելով Տավուշի մարզում վերոնշյալ կրթության ներդրման հաջողված փորձը: Արմեն Աշոտյանի խոսքով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները պետք է մեծանան որպես հասարակության լիարժեք անդամներ, և նրանց համար պետք է ստեղծվեն հավասար մեկնարկային պայմաններ: Նախարարը նաև նշել է, որ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով նախատեսվում է դպրոցական ողջ ուսումնական ծրագրի վերանայում` վերոնշյալ հարցում ակնկալելով մանկավարժական հանրույթի կարծիքներն ու առաջարկությունները: Արմեն Աշոտյանն ակտիվ հասարակական քննարկումներ, այդ թվում՝ մանկավարժների մասնակցությամբ, ակնկալել է նաև Կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական նոր ծրագրի մասին: Նա ներկայացրել է նաև դպրոցի տնօրենին հավաստագրից զրկելու նոր կարգը և դրա հիմքերը: Գեղարքունիքի մարզում կրթական ոլորտում եղած բացթողումների շարքում Արմեն Աշոտյանը մատնանշել է տարակարգ ստացած ուսուցիչների թվի սակավությունը՝ հույս հայտնելով, որ մարզի բարձրակարգ մանկավարժների ներուժն անհամեմատ մեծ է և հորդորել ավելի ակտիվ և նախաձեռնող լինել: Արմեն Աշոտյանը Գեղարքունիքի մարզի դպրոցի տնօրեններին ևս տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին նոր գույք կտրամադրվի ավագ դպրոցներին և խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին. վերջիններիս կտրվեն նաև համակարգչային սարքավորումներ: Նախարարն անդրադարձել է նաև նախակրթարանների հիմնման խնդրին Գեղարքունքի մարզի այն համայնքներում, որտեղ դրանց կարիքը կա: Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս տարի ևս 100 դպրոց կներառվի դպրոցներում Ազգային երգն ու պարը որպես պարտադիր առարկա ներդնելու պիլոտային ծրագրում, որում ընդգրկված են նաև Գեղարքունիքի մարզի 5 դպրոց: Նախարարի խոսքով՝ առարկայի ներդրումը կարևոր է հատկապես երեխաների ազգային ինքնության պահպանման տեսակետից: Արմեն Աշոտյանն ընդգծել է նաև դպրոցներում "Պատանի երկրապահ" խմբակների ակտիվ գործունեությունը, որը ըստ նախարարի՝ կարևոր օղակ է ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Համաժողովի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ մարզի հիմնախնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու համար՝ հավաստիացնելով, որ մարզային իշխանությունները կաջակցեն կրթության ոլորտում բարեփոխումների հաջող իրականացմանը: Մարզպետը նաև տեղեկացրել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մարզի 3 վթարային և 1 կիսավթարային դպրոցներում առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է նաև Գավառի պետական համալսարան, հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ներկայացնելով բուհի ձեռքբերումները, նշել է, որ Գավառի պետական համալսարանում 2014 թվականին ձեռնարկվել են նպատակային միջոցառումներ` ԳՊՀ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի և ԳՊՀ ակադեմիական ազնվության հայեցակարգի դրույթների իրականացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ բուհի հերթական առաջընթացը կլինի բուհի ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ հավատարմագրումը, որը ենթադրում է հաստատության որակի գնահատում: Նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մարզային բուհի գործունեությանը, նշել է, որ ուսհաստատության ձեռքբերումները հետևողական աշխատանքի արդյունք են, և բուհը հավատարիմ է իր առաքելությանը: "Համալսարանը մարզի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը, բացի բուն նպատակից ու խնդիրներից, մարզի բնակիչների կրթական իրավունքների բավարարմանը նպաստելուց, մի շարք այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ էլ է իրականացնում: Ուսանողական շունչն այստեղ զգացվում է բարեփոխումների մեջ, առօրյայում, և երբ խոսում ենք ուսանողակենտրոն համակարգի մասին, որի գերագույն արժեքը ուսանողն է, ապա այստեղ բարեփոխումների կրողը հենց ուսանողն է, և սա ձեր հաջողության գաղտնիքներից մեկն է: Մեր գերակա անելիքներից մեկը ժամանակակից ծառայությունների, գիտելիքների մատուցումն է երիտասարդներին, և ձեր բուհի օրինակով ՀՀ կրթական մակարդակը հաստատուն քայլերով գնում է դեպի միջազգայնացում: Շատ երկրների ուսանողներ են ցանկանում կրթություն ստանալ ՀՀ տարբեր բուհերում, այդ թվում՝ այս բուհում: Ուրախ եմ, որ և' միջազգայնացման, և' տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում համալսարանն օրինակելի է, ունի հետաքրքիր նախաձեռնություններ` էլեկտրոնային քննություններ, էլեկտրոնային գրադարան և այլն: Եվ ինչ խոսք, ամենակարևորը, բուհն ունի նաեւ զարգացման հեռանկար: Կարևոր է, որ մարզերի բուհերը կարողանան իրենց կարևոր գործն անել՝ կապել երիտասարդին իր հողին, իր մարզին և կանխել կրթական ու աշխատանքային միգրացիան",-նշել է Արմեն Աշոտյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին նշել է, որ համալսարանի զարգացումն ու կայացումն աստիճանաբար է տեղի ունեցել: Նրա խոսքով՝ մարզպետարանը միշտ եղել է համալսարանի կողքին, աջակցել, և այդպես էլ կշարունակվի ապագայում: Հանդիպման ժամանակ նախարարին ուղղված հարցեր են հնչել բնագիտական ֆակուլտետում նոր ուսանողներ ընդգրկելու, ընդունելությունը դյուրացնելու, համալսարանի հանրակացարանի տանիքը հիմնանորոգելու և այլ խնդիրների շուրջ: Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը եղել է նաև ԳՊՀ պատմության թանգարանում, ծանոթացել համալսարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ներկայացված ԳՊՀ ուսանողների ձեռքի աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր