211652_close_icon
views-count1165 դիտում article-date 16:45 28-08-2015

Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ

Օգոստոսի 27-ին Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նորանշանակ խոսնակ Մարիա Լոհելան ընդունեց Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։ Դեսպանը շնորհավորեց Լոհելային խոսնակի պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ այդ առաքելության մեջ: Հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգային հարցեր, կարևորվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնումը: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ հայ-ֆիննական հարաբերությունները առաջիկա տարիներին կշարունակեն իրենց վերընթաց զարգացումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները: Մտքեր փոխանակվեցին երկկողմ ձևաչափով, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման վերաբերյալ։ Խոսնակի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Օգոստոսի 28-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպեց նաև Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուլի Վիրտանենի հետ։ Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Նմանատիպ նյութեր