211652_close_icon
views-count15807 դիտում article-date 12:33 01-09-2015

Մահացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, ով 1991 թ.-ին հայրենիքի կանչով եկավ Հայաստան եւ մեծ ներդրում ունեցավ բանակի կազմավորման գործում

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մահացել է պետական եւ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թ.-ին, Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան եւ զինվորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա կենսագրությունը ներկյացնում է ստորեւ: Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում: 1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1947-ին ավարտել է Թբիլիսիի հետեւակային ուսումնարանը: 1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. զինվորական համազորային ակադեմիայում: 1947-1991թ.թ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատարից մինչեւ Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, Բուդապեշտում խորհրդային զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի առաջին տեղակալ, Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով: 1971թ.ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 1987թ. սահմանային տարիքի հասնելու կապակցությամբ արձակվել է պահեստազոր ԽՍՀՄ ԶՈՒ պահեստազոր: Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թ.-ին, Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան եւ զինվորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին: Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով եւ փորձառությամբ օգնել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները: 1991թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ: 1991-1992թթ. զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, 1992թ. օգոստոսից մինչեւ 1993թ. սեպտեմբեր` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները: 1992թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Գուրգեն Դալիբալթայանին գեներալ-լեյտենանտի, իսկ 1996թ.-ին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում: 1993-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի, իսկ 2000-2006 թթ.` Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները: Հայրենիքը բարձր է գնահատել նրա ծառայությունները: Նրա զինվորական վաստակի գնահատականն են այն բազմաթիվ պետական եւ գերատեսչական պարգեւները, որոնց արժանացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Պարգեւատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ շքանշաններով, 1998-ին` ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», 2000-ին` ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», 2002 թ. Հայ Առաքելական եկեղեցու «Ներսես Շնորհալի», 2006-ին` ՌԴ «Մեծ հաղթանակ» շքանշաններով, պետական ու գերատեսչական մեդալներով: 2001 թ. հուլիսի 20-ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: 2001 թ-ից Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը կոչվում է Գուրգեն Դալիբալթայանի անունով: Կյանքի վերջին տարիներին էլ Գուրգեն Դալիբալթայանը շարունակում էր իր հարուստ փորձը ներդնել զինված ուժերի հետագա զարգացմանը: Նա իրեն ճանաչողների եւ զինակից ընկերների հիշողության մեջ կմնա որպես հայրենիքի իսկական նվիրյալ զինվոր, համեստ ու պարկեշտ մարդ եւ քաղաքացի: Կանգնած լինելով հայոց բանակի կազմավորման ակունքներում` Գուրգեն Դալիբալթայանը միշտ կհիշվի որպես հայրենիքի անկախության պաշտպանի եւ բանակի կայացման առաջամարտիկներից մեկը: Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հուղարկավորությունը զիվորական կարգով կազմակերպելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով պաշտպանության նախարարի գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր