Ինչո՞ւ էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արտակ Պողոսյանը ժամանել Սայաթ Նովա 39 հասցե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 9-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արտակ Պողոսյանի և բնակիչների հետ մասնակցել է Երևան քաղաքի 2015 թվականի զարգացման ծրագրով նախատեսված բարեկարգման աշխատանքներ իրականացրած վարչական շրջանի Սայաթ-Նովա 39 և Թումանյան 1 հասցեներում գտնվող բակերի բացմանը և ծանոթացել կատարված աշխատանքներին:
Բակերը հիմնովին բարեկարգվել և ապահովվել են բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, այդ թվում՝ ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար: Բակում տեղադրվել են նստարաններ, զրուցատաղավար, բակը ամբողջովին լուսավորված է:
Շնորհավորելով բնակիչներին մայրաքաղաքը ևս երկու գեղեցիկ ու հարմարավետ բակերով համալրվելու առթիվ Արա Սադոյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է բարեկարգել բոլոր բակերը, սակայն բնակիչներն այդ հարցում ևս պետք է իրենց մասնակցությունն ունենան` ցուցաբերելով հոգատարություն և սրտացավություն քաղաքային իշխանությունների, ի բարօրություն բնակչի, կատարած աշխատանքի հանդեպ:
Արա Սադոյանը զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու առաջարկները, պատասխանել հուզող բոլոր հարցերին: