211652_close_icon
views-count1834 դիտում article-date 21:28 27-09-2015

«Գրական Տապան 2015» փառատոնի մասնակից օտարազգի գրողներն այցելել են Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

«Գրական Տապան 2015» միջազգային փառատոնի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրական Տապան»-ի այս տարվա կարգախոսն է «Խոսքը` հանուն կյանքի». որևէ հասարակության, հանրության մեջ ապրող գրողը մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի: «Գրական Տապան»-ը մասնակից գրողների համար այդ հարթակի պատվախնդիր դերն է ստանձնում և ավելի քան 40 գրողի համար դառնում հարթակ` բարձրաձայնելու հանուն կյանքի, հանուն ճշմարտության, հանուն բարձրորակ գրականության: Փառատոնի մասնակիցներից են ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին և այլք: «Գրական Տապան 2015» փառատոնը ներառում է գրքերի շնորհանդեսներ (Յոկե վան Լեուվեն` «Ծի՜վ», Վահե Գոդել` «Ինչ ասել այս մարմնի մասին...»), քննարկումներ (Քրիս Բոհջալյան` «Ավազե ամրոցի աղջիկները», Վարուժան Ոսկանյան` «Շշուկների մատյան»), ընթերցումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր։ Քառասուն գրողներ Հայաստանից եւ աշխարհի 18 երկրներից` Իտալիա, Ավստրիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսրայել, Իրան, Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Բելգիա, Հորդանան, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, փառատոնի օրերին հնարավորություն կունենան այցելելու Հայաստանի մշակութային-պատմական հուշարձաններ: Փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ)` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր