211652_close_icon
views-count1151 դիտում article-date 22:05 28-09-2015

Հայ-շվեյցարիական 100-ամյա համերաշխությանը նվիրված ոգեկոչման երեկո Բենյենում

Սեպտեմբերի 25–ին շվեյցարական Բենյեն քաղաքում, «Հայաստան-Շվեյցարիա. 100 տարվա համերաշխություն» խորագրի ներքո տեղի ունեցավ ոգեկոչման երեկո՝ նվիրված 1895-1921թթ. Շվեյցարիայում՝ ի համերաշխություն հայ ժողովրդի ծավալված լայնածավալ շարժմանը: Շվեյցարացի ժողովրդին և եկեղեցուն իր երախտագիտութան խոսքն ու աղոթքն ուղղեց Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների դաշնության և Արմենոֆաս հիմնադրամի կողմից ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Շվեյցարիա հրավիրված Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն: Ելույթներով հանդես եկան Արմենոֆաս հիմնադրամի տնօրենը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը, Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների դաշնության ներկայացուցիչը, Բենյենի քաղաքապետը, ինչպես նաև Բենյենի հայ որբանոցի սաների երկրորդ և երրորդ սերունդների ներկայացուցիչները: «Հատկանշական է, որ պաստոր Կրաֆտ-Բոնարը, հայ մանուկներին փրկելու և ապաստան տալու մարդասիրական առաքելությունից զատ, առաջնորդվում էր ապագայի տեսլականով. իր հիմնադրած օջախում կարևորելով հարյուրավոր մանուկների հայեցի կրթությունը, հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդումը՝ նա նպատակ ուներ նպաստել ապագա անկախ Հայաստանի մտավորականության պատրաստմանը: Ճիշտ է, մեծ նվիրյալի երազը՝ անկախ Հայաստանի վերականգնումը, իրականություն դարձավ ավելի ուշ՝ շվեյցարացի նվիրյալի մահից հետո, սակայն նրա կրթած սաների ժառանգները, այսօր դարձել են Հայաստանի զագացման և հայ-շվեյցարական բարեկամության գործուն դերակատարներ:» - նշեց Հասմիկ Տոլմաջյանը: Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները: Ոգեկոչման միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի եկեղեցական տարբեր համայնքների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, շվեյցարացիներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Տեղեկանք. Շվեյցարիայի ողջ տարածքում սկիզբ առած և երկրի չափահաս բնակչության կեսից ավելին ընդգրկող այդ շարժման նվիրյալներից էր պաստոր Անտոնի Կրաֆտ-Բոնարը, ով իր ողջ կյանքը նվիրաբերել էր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ մանուկներին՝ Բենյենում նրանց համար հիմնելով հայկական օջախ:

Նմանատիպ նյութեր