211652_close_icon
views-count900 դիտում article-date 14:55 29-09-2015

Հայ-իտալական համագործակցության զարգացումը առողջապահության ոլորտում ուշադրության կենտրոնում է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում հայ-իտալական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ողջունելով հյուրին` շնորհակալություն հայտնեց երկարամյա համագործակցության, մասնավորապես Շիրակի մարզում բժշկական կենտրոններին աջակցելու համար: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մոր և երեխայի առողջության պահպանմանը, համոզված եմ, որ այդ ոլորտում համատեղ աշխատանքի արդյունքը տեսանելի է»,-նշեց Արմեն Մուրադյանը` ներկայացնելով նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի գրանցած հաջողությունները: Նախարարն ասաց, որ նախորդ տարվա նոյեմբերին Հռոմ այցելության ընթացքում տեղի մասնագետների հետ քննարկվել են նաև պալիատիվ բժշկական օգնությանը վերաբերող հարցերը: Հայ-իտալական համագործակցության մասին է վկայում նաև այն, որ 2006 թվականի օգոստոսին մի խումբ իտալացի դիմածնոտային վիրաբույժներ Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի («Արամյանց» բժշկական կենտրոն) դիմածնոտային բաժանմունքում անվճար իրականացրել են դիմածնոտային վերականգնողական վիրահատություններ: Սերտ համագործակցություն է ծավալվել նաև սրտային վիրաբուժության ոլորտում: ՀՀ առողջապահության և Իտալիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության հուշագիր է ստորագրվել դեռևս 1997թ. Հռոմում, որի շրջանակում պարբերաբար մի խումբ հայ բժիշկներ վերապատրաստում են անցել Իտալիայի առաջատար հիվանդանոցներում: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցությունն առավել զարգացնելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով աշխատանքներ տանել նոր հուշագիր կնքելու ուղղությամբ: «Երաշխավորում եմ, որ իմ բոլոր ջանքերը կներդնեմ երկու երկրի միջև առողջապահության բնագավառում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց դիվանագետը: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ մասնագետների համար Իտալիայում վերապատրաստման դասընթացների կազմակերպման, փորձի փոխանակման հարցին: Կարևորվեց երկու երկրի առողջապահության ազգային ինստիտուտների միջև համագործակցության խթանման, համատեղ կլինիկական հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը: Նշենք, որ դեռևս 1989թ., մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի շրջանակում, Հայաստանում գործել է Հռոմի միջհամալսարանական համագործակցության ինստիտուտ կազմակերպությունը (ICU), որի ջանքերով Հայաստանում ու Արցախում երկու տասնյակից ավելի ծննդատներ ու մոր և մանկան առողջության կենտրոններ են կառուցվել և վերանորոգվել: Այնուհետև` 1997 թվականին, համագործակցության ծրագիր է հաստատվել նաև ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի, Հռոմի Սակրոկուորե (Sacrocuore) կաթոլիկ համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի և ICU-ի միջև:

Նմանատիպ նյութեր