211652_close_icon
views-count664 դիտում article-date 22:43 05-10-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներին ու գրադարանային համակարգի աշխատակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ուսուցչի օրվա առթիվ և Գրադարանավարի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մշակութային կրթօջախների մանկավարժներին ու գրադարանավարներին:  Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհավորելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով նրանց նվիրված աշխատանքի ու մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում ունեցած մեծ վաստակի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս հանդիպումը ևս մեկ առիթ է ամփոփելու համակարգում գրանցած ձեռքբերումներն ու նախանշելու առաջիկա անելիքները: «Ավանդաբար այս օրերին ձեր մասնագիտական տոնի առթիվ հրավիրվում եք քաղաքապետարանի հարկի տակ, ուր, շնորհավորանքից բացի, քննարկում ենք հաջողությունները և, ինչու չէ` առկա խնդիրները, դրանց համատեղ հաղթահարման ուղիները: Դժվար է գնահատանքի համապատասխան խոսքեր գտնել կրթության բնագավառի մարդկանց, մանկավարժների համար, քանի որ, իմ խորին համոզմաmբ, ցանկացած շնորհակալական խոսք կամ խոնարհում ձեր վաստակի հանդեպ, չի կարող փոխհատուցել ձեր այն նվիրումը, որի շնորհիվ մեծ կյանք մտնող յուրաքանչյուր սերունդ պարզ ճակատով ներկայանում է որպես հայոց անկախության պահպանման, պետականության հզորացման, նաև Երևանը սրտանց սիրելու գաղափարակիր։ Ամենօրյա ձեր գործունեության մեջ բազմաթիվ հարցերի պատասխան եք տալիս, բազում խնդիրներ լուծում, սակայն կարևոր հրամայականը, որ այսօր առկա է ձեր առջև, մրցունակության ապահովումն ու կրթության որակի բարձրացումն է»,-ընդգծել է քաղաքապետը: Առանձնակի կարևորելով նաև վերջին տարիներին մայրաքաղաքի գրադարաններում տարվող ծրագրային քաղաքականությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ ուշադրությունը համակարգի նկատմամբ լինելու է շարունակական:

Նմանատիպ նյութեր