Լևոն Զուրաբյանին 2 անգամ հրավիրել են ոստիկանություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է հետաքննել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին կաշառել է, եւ իրենք ունեն ապացույցներ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Զուրաբյանին գրություն է ուղարկել՝ առաջարկելով իրենց ներկայացնել փաստեր: Ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հրաժարվել էր որեւէ փաստ տրամադրել՝ ներկայացնելով տասնյակ աղմկահարույց չբացահայտված գործերի օրինակներ` որպես անվստահության առհավատչյա:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանությունից փորձեց պարզել, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է անելու: Ոստիկանությունից հայտնեցին, որ. «Զուրաբյանին երկրորդ գրությունն է ուղարկվել, որով նրան հրավիրել են իրենց մոտ՝ բացատրություն տալու»»: