211652_close_icon
views-count5193 դիտում article-date 19:00 02-11-2015

Ամեն օր փողով եմ առնում, մի օր էլ առանց փող տվեք

Մի ձիավոր տեսնում է ճանապարհին ընկած մի մարդու, որը տնքում և օգնություն է կանչում: Մոտենում է, օգնում է ընկածին, բարձրացնում, նստեցնում է իր ձիուն: Հանկարծ ընկածն աշխուժանում է, ձիուն խթանում ու փախչում, և հեռվից գոռում. «Ես գող եմ, վաղուց էի երազում այսպիսի ձի գողանալ, և վերջապես գողացա»: Ի պատասխան ձիավորը խնդրում է, որ մարդկանց չպատմի, թե ոնց գողացավ ձին: «Ինչու՞ չպատմեմ»,-հարցնում է գողը: «Եթե մարդկանց պատմես, որ ձիս գողացել ես անօգնական ձևանալով, ապա մարդիկ այլևս չեն օգնի ճանապարհին ընկածին»,-ասում է ձիավորը: Եթե մարդիկ չօգնեն ճանապարհին ընկածին, ապա ճանապարհին ընկածը կարող է մահանալ: Սակայն խնդիրն այստեղ մեկ մարդու մահը չէ, այլ մարդասիրությունը, մադկային մեծահոգությունը, բարությունը, ողորմածությունը, և վերջապես՝ հավատը մարդկության նկատմամբ: Մարդու հանդեպ հավատը կորցրածը վերածվում է անհոգի արարածի: Իսկ անհոգի մարդն առանց հոգու մարմին է, ըստ էության՝ դիակ: Մարդը, որն անտարբեր անցնում է ճանապարհին ընկածի կողքով՝ արդեն մեռած է: Միայն մեռածի համար է միևնույն, ճանապարհին ընկածը կապրի, թե կմահանա: Այսինքն, ճանապարհին ընկածի կողքով անտարբեր անցնելն ու չօգնելը սպառնում է ոչ թե կոնկրետ մեկ մարդու մահվամբ, այլ ընդհանրապես մարդկության մահվամբ: Ուրբաթ երեկոյան, Երևանի սուպերխանութներից մեկում արևից սևացած դեմքով մոտ 50 տարեկան կարճահասակ մի մարդ 4 հաց էր վերցրել, մոտեցել դրամարկղին: «460 դրամ», «Փող չունեմ աղջիկ ջան», «Պիտի վճարեք 460 դրամ», «Ամեն օր ձեր խանութից փողով հաց եմ առնում, այսօր փող չունեմ»: Հաց խնդրողի և վաճառողուհիների երկխոսությունը կրկնվում էր: Վաճառողուհիները կրկնում էին, որ չեն կարող առանց փողի հաց տալ, իսկ փող չունեցողը կրկին ու կրկին խնդրում էր հաց տան, տանի տուն, երեխեքն ուտեն: Դրամարկղի մոտ հերթ էր գոյացել: Գնորդների մի մասը վաճառողուհիներին էին պաշտպանում, մի մասը առանց փողի հաց խնդրողի: Վաճառողուհիները կանչեցին մենեջերին: «Առանց փողի չենք կարող Ձեզ հաց տալ»,-ասաց մենեջերը: Հերթը մեծանում էր, առևտուրը կանգ էր առել, անվճար հաց խնդրողի խնդրանքը չէր բավարարվում: Տպավորությունն այնպիսին էր, որ խանութի աշխատողուհիները նման իրավիճակ կարգավորելու փորձ կամ իրավունք չունեին: Կամ կարծես վաճառողուհին ու մենեջերը երբեք քաղցած-աղքատ մարդ չէին տեսել: Իսկ հաց խնդրողը չէր ամաչում գնորդներից ու վաճառողուհուց: Գլուխը չէր կախում: Ինչ-որ պահի նրա խնդրանքը վերածվում էր պահանջի. «Ամեն օր փողով հաց եմ գնում Ձեր խանութից, էսօր էլ առանց փողի տվեք»: Միգուցե նա եկել էր այլ երկրից, որտեղ մշտական հաճախորդին ընդառաջում են: Ամեն դեպքում մարդ էր, որը փող չուներ, բայց ուզում էր հաց տանել տուն, օգնության կարիք ուներ, ինչպես ճանապարհին ընկածը: Վերջապես գնորդներից մի քանիսն օգնեցին նրան՝ մանրադրամ տվեցին: Նրան օգնեցին, ինչպես ձիավորը ճանապարհին ընկածին: Եթե նա հաց չտաներ տուն, ապա միգուցե քաղցած օր անցկացներ կամ ոչ, բայց խանութում հավաքվածների համար մարդկությունը շատ հնարավոր է՝ մեռներ-վերանար: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր