Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո հանդես է եկել հեռուստաուղերձով, հաղորդում է Tass գործակալությունը:
Նա հայտնել է, որ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված փարիզյան սարսափելի իրադարձությունների հետ:
Ֆրանսիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ ահաբեկչական գործողություներն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
«Այդ ահաբեկչությունները երկրի սահմաններից դուրս էին ծրագրվել: Ֆրանսիան սգի մեջ է, սակայն կոտրված չէ: Ֆրանսիան կհաղթի բարբարոսությանը: Դա է վկայում մեր պատմությունը»,-ասել է Օլանդը և խոստացել, որ Ֆրանսիան իր ողջ ուժերը կենտրոնացնելու է ԻՊ-ի դեմ պայքարում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Նրա խոսքով՝ երկուշաբթի, նոյեմբերի 16-ին, Ֆրանսիայի խորհրդարանը կգումարի նաև արտակարգ նիստ: