211652_close_icon
views-count1219 դիտում article-date 17:56 17-11-2015

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ ուսանողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ: Դուք, լինելով հասարակության շարժիչ ուժը և հայրենիքի լուսավոր ապագայի գրավականը, ձեզ վրա կրում եք նախորդ սերունդների պատգամներն ու ակնկալիքները: Կցանկանայի, որ ձեր ուսումնառության ընթացքում առաջնորդվեիք դրանցով և յուրաքանչյուրիդ անձնական զարգացման ու կայացման շարժառիթներով: Մաղթում եմ, որ լավագույնս գնահատեք ժամանակի և գիտելիքի արժեքը՝ ոչ թե որպես տեղեկատվություն, այլև՝ կարողություն ինչ-որ բան ստեղծելու հայրենիքի և ինքներդ ձեզ համար: Այդ ճանապարհին բարձրագույն ուսումնական հաստատությունները կարևոր դերակատարում ունեն ուսանողներիդ համար, և կառավարությունը անում է հնարավորինս կրթական համակարգի որակի բարձրացման ուղղությամբ: Այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ այսօր յուրաքանչյուր մարդու գլխավոր ուսուցիչն ինքն է: Ուստի, բոլորս ձեռք-ձեռքի պետք է կերտենք կրթական արդյունավետ համակարգ, զարգացած հասարակություն և հզոր պետություն: Սիրելի՛ ուսանողներ, Իմացե՛ք, որ բոլորը երանի են տալիս ձեզ՝ հատկապես ունեցած կարգավիճակի և տարիքի համար, ինչն արդեն մեծ առավելություն է: Ա՛րդ, ինքներդ ևս գնահատեք ձեր առավելություններն՝ օգտագործելով դրանք էլ ավելի լավ քաղաքացիներ և որակյալ մասնագետներ դառնալու, հետևաբար, զարգացած հայրենիք կերտելու նպատակով: Թո՛ղ ավյունը, երիտասարդ ոգին և լուսավորի հանդեպ ձգտումն ընդմիշտ ուղեկից լինեն ձեզ: Բարին ընդ բոլորիդ»:

Նմանատիպ նյութեր