211652_close_icon
views-count1263 դիտում article-date 16:59 21-11-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական շրջայցի շրջանակում ծանոթացել է Շենգավիթ վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի 2015թ. ծրագրերով իրականացված աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարի և բնակիչների հետ միասին քաղաքապետը նախ մասնակցել է Շենգավիթի թիվ 5 մշակույթի կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը: Տնօրեն Գառնիկ Շիրինյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ հիմնադրման օրից ի վեր տասնամյակների պատմություն ունեցող մշակույթի կենտրոնը երբևիցե հիմնանորոգման չէր ենթարկվել: Ծրագրի շրջանակում մշակութային օջախ հաճախող շուրջ 350 սաների համար հարմարավետ պայմաններ են ստեղծվել: Անհրաժեշտ տեսաձայնային և լուսային ժամանակակից տեխնիկական միջոցներով են վերազինվել նաև դահլիճն ու բեմը: Առանձնակի կարևորելով կրթամշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող քաղաքապետի հետևողական ուշադրությունը, կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ այն կարևոր քայլ է մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար: Նոր ու հարմարավետ պայմաններով շուրջ 2500 ընթերցողների առջև իր դռներն է բացել նաև վարչական շրջանի թիվ 32 գրադարանը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարաններում տասնամյակների դադարից հետո իրականացվող նորոգման և հիմնանորոգման ծրագրով 4-րդ կարգի վթարայնության այս գրադարանի շենքն ամբողջությամբ քանդվել էր և տեղում կառուցվել է նորը: Օգտվելով առիթից՝ գրադարանի աշխատակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ հատկանշելով, որ դրանք մեծապես նպաստում են ընթերցասերների թվի ավելացմանը: Բացի այդ, առանձնակի կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ լուծում է ստացել նաև առկա գրականության պահպանման խնդիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ վերջին տարիներին իրականացված ծրագրային քաղաքականության շնորհիվ այսօր արդեն Երևանում այլևս չվերանորոգված գրադարան չկա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ միասին վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև կառուցվող շախմատի նոր դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ թիվ 110 դպրոցի տարիներ շարունակ չօգտագործվող շուրջ 1000 քմ տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվում ու հարմարեցվում է շախմատի դասընթացների համար, որը շուրջ 500 սաների հնարավորություն կընձեռի ստանալու շախմատային կրթություն: Նշվել է նաև, որ աշխատանքներն ավարտական փուլում են և արդեն առաջիկայում դպրոցը կհանձնվի շահագործման: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր