211652_close_icon
views-count1140 դիտում article-date 16:59 03-12-2015

Քայլեր են ձեռնարկվում գյուղատնտեսական կենդանիների արտահանման ուղղությամբ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը դեկտեմբերի 3-ին ընդունեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության գյուղատնտեսության նախկին նախարար, Հորդանանյան Բադիայի զարգացման Հաշիմյան հիմնադրամի տնօրեն Սայիդ ալ-Մասրիին, Խայրաթ Բլադի ընկերության տնօրեն Վալիդ Սայիդին, Հորդանանում ՌԴ պատվավոր հյուպատոս Արթուր Մկրտիչևին և ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել մեր հանրապետությունից թե Հորդանան, թե արաբական այլ երկրներ մանր եղջերավոր կենդանիների արտահանման հնարավորությունն և գյուղատնտեսության այս ճյուղի զարգացման հեռանկարները: Ծառայության պետը նշեց, որ մեծ է անասնաբուծությունը մեր երկրում զարգացնելու ներուժը, և կառավարությունն այսօր քայլեր է ձեռնարկում արտահանման ուղղություններն ընդլայնելու և ոլորտն աշխուժացնելու ուղղությամբ: Հյուրերը հետաքրքրված են այս տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանում բուծվող կենդաների ցեղատեսակների արտահանմամբ և համարում են դրանք մրցունակ իրենց շուկայում: Սայիդ ալ-Մասրիի խոսքերով՝ իրենք ակնկալում եմ համագործակցության արդյունքում ավելացնել Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների արտահանման ծավալները, ստեղծել դրա համար կայուն հիմքեր, զարգացնել ոլորտը: Ներկայացնելով մեր հանրապետության անասնաբուժական վերահսկողության համակարգը և անասնահամաճարակային իրավիճակը՝ Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ընդգծեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում չեն գրանցվել կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների դեպքեր, դաբաղի վերջին դեպքը եղել է 2004 թվականին: Միաժամանակ ներկայացրեց, որ պետպատվերի շրջանակներում իրականացվում է գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիր՝ կանխարգելելու նպատակով 10-12 հիվանդություններ, ինչն իր հերթին նպաստում է նաև սամանակից երկրներից կենդանական հիվանդությունների հնարավոր ներթափանցումն ու տարածումը կանխելուն: Հանդիպմանը կարևորվեց կենդանիների արտահանումն ու տեղափոխումը Հայաստանի և Հորդանանի միջև ուղիղ բանակցությունների միջոցով ապահովելու հանգամանքը: Նշվեց, որ երկու երկրների պետական լիազոր մարմինները կարող են կամուրջ դառնալ մասնավոր կազմակերպությունների միջև, և այս համատեքստում կարող է կարևոր նշանակություն ունենալ գարնանը Հորդանանում կազմակերպվելիք՝ գյուղատնտեսական կենդանիների ու մսամթերքի ցուցահանդես-կոնֆերանսը, որին մասնակցելու հրավեր ստացավ նաև հայկական կողմը:

Նմանատիպ նյութեր