211652_close_icon
views-count1274 դիտում article-date 19:00 03-12-2015

Կենդանին սոցիալ-մշակութային պատասխանատվություն չի կրում

Կենդանին հարմարվում է միջավայրին, իսկ մարդը միջավայրը հարմարեցնում է իրեն: Եթե կենդանին չի հարմարվում միջավայրին՝ սատկում է: Եթե մարդը չի հարմարեցնում իրեն միջավայրը՝ դառնում է կենդանի: Այս առումով կենդանու վարքը բնութագրվում է որպես հարմարվողական, իսկ մարդու վարքը՝ ստեղծագործական: Ասել է, թե մարդու ստեղծագործականությունը, ստեղծագործելու ունակությունն ու մղումն է նրան մարդ դարձնում: Եվ միայն ստեղծագործելու ժամանակ է մարդն իրեն ազատ զգում: Մարդու ստեղծագործելու ունակությունը բացատրվում է Աստվածային ծագմամբ: Սա հայտնի է վաղուց: Այդ պատճառով վարպետները, որոնք նոր բան էին ստեղծում, համարվում էին ընտրյալ, իսկ ընտրյալները՝ վարպետ: Վարպետը տարբերվում էր մասնագետից, սակայն նրանք հակասության մեջ չէին: Վարպետը գործին վերաբերվում էր սիրով և ստեղծագործաբար: Մասնագետ լինել՝ նշանակում էր տիրապետել գործի գաղտնիքներին: Վարպետի յուրաքանչյուր գործ ավելի լավն էր, քան նախորդը: Իսկ մասնագետի գործերը որակապես չէին չտարբերվում: Վարպետն ու մասնագետը բնականաբար համագործակցում էին, և մասնագետը կարող էր դառնալ վարպետ: Մարդը կարող էր վարպետ դառնալ ցանկացած ոլորտում, ցանկացած բնագավառում: Այսինքն՝ կային վարպետ դերձակ, վարպետ հյուսն, վարպետ որմնադիր, վարպետ գրող, վարպետ երաժիշտ, վարպետ նկարիչ, վարպետ խոհարար, վարպետ ֆիզիկոս, վարպետ ճարտարապետ, վարպետ լրագրող, վարպետ բժիշկ, վարպետ ժամագործ, վարպետ վարսավիր, վարպետ ուսուցիչ, վարպետ մարզիկ, վարպետ գրադարանավար, վարպետ գրպանահատ և այլն: Վարպետի կերպարը գեղարվեստական և փիլիսոփայական ամբողջ խորությամբ բացված է գերմանացի բանաստեղծ, արձակագիր, փիլիսոփա, գիտնական, ռոմանտիզմի վառ ներկայացուցիչ՝ Նովալիսի (Գեորգ Ֆրիդրիխ Ֆրայհեր ֆոն Հարդենբերգ) «Հայնրիխ ֆոն Օֆտերդինգեն» վեպում: Վեպի հերոսը իր ճանապարհորդության ժամանակ տարբեր վայրերում հանդիպում է տարբեր մասնագիտության տարբեր ազգության տարբեր տարիքի մարդկանց, որոնք միմյանց նման են մտածում և խոսում: Ժամանակ անց հասկացվում է նմանության գաղտնիքը. Նրանք բոլորն էլ վարպետ էին, ընտրյալ, և ունեին հասարակական-մշակութային պատասխանատվության գիտակցում մարդու և մարդկության նկատմամբ: Մեծ հաշվով վարպետն ու ստեղծագործականությունը համարվում են միջնադարյան մնացուկ: Ներկայում վարպետը հեղինակություն չի, ընտրյալ չի համարվում: Դրա պատճառները երկուսն են: Նախ՝ մարդիկ չեն հավատում ընտրյալների գոյությանը: Եվ երկրորդ՝ վարպետ բառն իմաստափոխվել է և ստացել կենցաղային բովանդակություն: Վարպետ ասելով՝ հասկանում են պրոֆեսիոնալ, այսինք՝ բարձր վարկանիշ ունեցող և բարձր վարձատրվող մասնագետ: Ի տարբերություն վարպետի, պրոֆեսիոնալը չունի հասարակական-մշակութային պատասխանատվություն, որովհետև ընտրյալ չի: Այդ բացը արհեստականորեն լրացնելու համար արվեստի, գիտության, սպորտի պրոֆեսիոնալներին առաջադրում են ընտրովի պաշտոններում: [b]Թաթուլ Մկրտչյան[/b]

Նմանատիպ նյութեր