211652_close_icon
views-count870 դիտում article-date 19:41 25-12-2015

Դեսպան Քոչարյանը փոխանցեց ՀՀ Նախագահի շնորհավորանքներն ու նվիրատվությունը լիբանանահայ հաստատություններին

ԴԵկտեմբերի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց հանդիսավոր հանդիպում հայկական «Ազդակ», «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերի, ինչպես նաև Ջբեյլի «Թռչնոց Բույն» հաստատություն և հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր խնդիրներ ունեցող հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոնի ղեկավարների հետ: Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ներկաներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական նամակները, ինչպես նաև դրամական նվիրատվությունն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Լիբանանահայ օրաթերթերին հասցեագրված ՀՀ Նախագահի ուղերձում, մասնավորապես նշվում է. «Համոզված եմ, որ ինչպես այս՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, այնպես էլ հետագայում նաև Ձեր մտքի և գրչի ճկունության շնորհիվ պատվով և հաղթանակած դուրս կգաք բոլոր դժվարություններից և քարոզչական պատերազմից՝ շարունակելով բարձր մակարդակով լուսաբանել համահայկական նշա¬նակություն ունեցող հարցերը: Վստահ եմ, որ հետևողականորեն կներկայացնեք համայն հայությանը հուզող խնդիրները՝ հրապարակելով հիշարժան նյութեր Հայաստանի, Արցախի ու սփյուռքի, հայ ժողովրդի հարուստ պատմության, ժառանգության ու արժեքների մասին»: «Թռչնոց բույն»-ի և «Զվարթնոց»-ի տնօրինությանը հասցեագրված նամակներում ՀՀ Նախագահը բարձր է գնահատել մանկավարժների անձնուրաց և հայանպաստ գործունեությունը՝ ուղղված հայ մանուկների և երիտասարդների կրթական և ֆիզիկական զարգացմանը, նրանց հոգեբանական վիճակի բարելավմանը: ՀՀ Նախագահը հավաստիացրել է, որ «Հայրենիքը միշտ ձեր թիկունքին է և հպարտությամբ հետևում է ձեր հաջողություններին»: Լրատվամիջոցների, «Թռչնոց բույն» հաստատության և «Զվարթնոց» կենտրոնի ղեկավարներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շարունակական հոգատարության և ուշադրության համար` հավաստիացնելով, որ ջանք չեն խնայի շարունակելու իրենց գործունեությունը հայապահպանության, հայեցի դաստիարակության և Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր