211652_close_icon
views-count3353 դիտում article-date 22:26 31-12-2015

Բակո Սահակյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել։ Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ արցախցիներ, Ահա և եկել է պահը, երբ պետք է հրաժեշտ տանք 2015 թվականին: Ամեն անցնող տարի իր անջնջելի հետքն է թողնում պատմության մեջ և մեր կյանքում, ինչպես նաև իր հետ տանում է մեր կյանքի մի մասնիկը` տեղ բացելով նորի համար` նոր հաջողությունների, նոր ձեռքբերումների ու արարումների: Հենց այդ հույսով ու ակնկալիքով էլ մենք դիմավորում ենք Նոր տարին` 2016 թվականը, որը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ պետք է ավելի արդյունավետ ու բարեհաջող լինի մեր երկրի ու ժողովրդի, Արցախի յուրաքանչյուր ընտանիքի համար: Այդպիսինն են մեր ցանկություններն ու սպասելիքները: Սակայն, մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ու դժվարին պայմաններում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունենում նաև մեր տարածաշրջանի և հանրապետության կենսագործունեության վրա: Եվ միասնական ուժերով, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի անում ենք հնարավորը՝ լուծելու ծառացած խնդիրները, զարգացնելու տնտեսությունը, առաջընթաց գրանցելու տարբեր ոլորտներում: Այդ խնդիրների շարքում առանձնակի են մեր ժողովրդի և պետության անվտանգության ու պաշտպանունակության հարցերը: Պաշտպանության բանակի շարունակական զորացումը և մարտունակության մակարդակի բարձրացումը եղել է ու լինելու է մեր ռազմավարական գերակա ուղղություններից մեկը և միշտ գտնվելու է պետության հատուկ ուշադրության կենտրոնում: Մեր հերոսական բանակի զինվորների քաջության ու խիզախության շնորհիվ անցնող տարում կասեցվել են հակառակորդի բոլոր ստոր ու սադրիչ գործողությունները, և նա, կրելով մեծ կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ցավոք, հայրենիքը պաշտպանելիս իրենց կյանքն են զոհաբերել մեր քաջ հայորդիները: Նրանց անունները ոսկե տառերով են գրվել Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի տարեգրության մեջ: Թանկագի՛ն բարեկամներ, Քիչ հետո բոլորս տոնական սեղանների շուրջ կդիմավորենք Նոր տարին: Ես ուզում եմ նախ և առաջ շնորհավորել նրանց, ովքեր այս պահին գտնվում են խրամատներում և պաշտպանում են մեր խաղաղությունն ու անվտանգությունը: Ուզում եմ շնորհավորել պաշտպանության բանակի ողջ անձնակազմին: Փա՛ռք ու պատիվ մեր զինվորներին: Շնորհավորում եմ զոհված ազատամարտիկների և զինվորների ընտանիքներին: Մեր նահատակված ընկերները միշտ մեզ հետ են, մեր կողքին. նրանք ներկա են մեր կատարած գործերում և մեր հիշողության մեջ: Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Մաղթում եմ բոլորին խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն և անսասան հավատ վաղվա օրվա, մեր երկրի պայծառ ու լուսավոր ապագայի հանդեպ: Թող գալիք տարին, որը կնշանավորի Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակը, լինի նոր հաջողությունների ու ձեռքբերումների, մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման տարի: Եվ թող այս տոնական տրամադրությունը տիրի ձեր օջախներում ամբողջ տարվա ընթացքում` պարգևելով ձեզ ուրախություն, երջանկություն և ամենայն բարիք: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ »:

Նմանատիպ նյութեր