«Հայազն» կուսակցության անդամները խորհրդաժողովի ընթացքում քննարկեցին իրենց հետագա անելիքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Հայազն» կուսակցությունը այսօր` փետրվարի 19-ին, ժամը 13.00-16.00-ը Կոնգրես հյուրանոցում համակիրների և գործընկերների, կուսակցության վարչության անդամներ` Արմեն Հովհաննսիյանի, Արմեն Մկրտչյանի, Արմեն Աղայանի գլխավորությամբ քննարկեցին ազգային-պետական ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները և ներկա փուլի խնդիրները:
Մասնավորապես, խորհրդաժողովի ընթացքում «Հայազն»-ը ներկայացրեց խմբիշխանական համակարգի դեմ պայքարը համակարգող քաղաքական խորհրդի հանրային ընտրության և ազգային ընդդիմության միասնական ցուցակի հանրային առաջադրման իր ծրագիրը, դրա գաղափարական և կազմակերպական հիմնավորումները:
Կուսակցության առաջնորդները իրենց ելույթներում հավաստիացրեցին, որ բոլոր դեպքերում Հայաստանի ապագան որոշելու են ազգային հեղափոխականները: Այդպես է եղել անցյալում, այդպես է եղել Արցախյան պայքարի տարիներին, այդպես է լինելու ապագայում:
Սակայն ազգային-հեղափոխականի անուն կրելը դրա համար բավարար չէ' անհրաժեշտ է համապատասխանել այդ կոչմանը փաստացի քաղաքական պայքարում և համապատասխան հանրային աջակցությամբ: Այս տեսակետից, Դաշնակցության խոստովանությունը, որ, հակառակ բրենդ դարձած անվան, ինքն այլևս չի հավակնում ազգային հեղափոխական քաղաքական ուժի դերին, պետք է դրական գնահատել և ոչ թե սպասել, այլ գործուն մասնակցություն ունենալ ազգային-հեղափոխականների այսօրվա ճակատի ձևավորմանը:
«Հայազն» կուսակցության վարչության անդամները պնդեցին, որ կուսակցությունը պատրաստ է շարունակել իր պայքարը հանուն Հայաստանում սահմանադրական նոր կարգի հաստատման, դրանում օգտագործելով բոլոր հասու միջոցները' սկսած իշխող վարչախմբի թելադրած ընտրական կանոններից, վերջացրած ժողովրդի ապստամբության իրավունքին աջակցությամբ:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի