Պոեզիայի միջազգային օրը Երևանը նշեց տարբեր միջոցառումներով
Պոեզիայի միջազգային օրը Երևանում նշվել է տարբեր միջոցառումներով: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ հայ մեծերի հուշարձանների մոտ անվանակիր դպրոցների աշակերտները բացօթյա ընթերցումներ են կազմակերպել:
«Յուրաքանչյուր այսպիսի օր մենք փորձում ենք դարձնել հիշարժան առաջին հերթին հենց դպրոցականների համար, որոնք այսօր կրթվում և դաստիարակվում են գրականությամբ և հատկապես չափածո ստեղծագործություններով:
Այս միջոցառումներով մենք մեր խոնարհումն ենք բերում հայ պոետներին և պոեզիային: Միջոցառումներ են տեղի ունեցել առհասարակ հանրակրթական բոլոր դպրոցներում»,-նշել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Միջոցառումներին ներկա են գտնվել ու աշակերտներին միացել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ինչպես նաև այլ գրողներ, գրականագետներ ու պարզապես պոեզիայի սիրահարներ:
Մի խումբ դպրոցականներ էլ հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում և հաճելի անակնկալ մատուցել աշխատակազմին՝ նվիրելով իրենց կողմից պատրաստված ստեղծագործությունների թերթոններ, նաև ասմունքել ու հանդես եկել երաժշտական կատարումներով:
Աշակերտները հանդիպել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ և զրուցել հայ ու համաշխարհային գրականությունից, պոեզիայից:
Պոեզիայի օրը նշվել է նաև մայրաքաղաքի մշակութային հաստատություններում՝ գրադարաններում և մշակութային կենտրոններում:
«Հայ Արտ» մշակութային կենտրոնում էլ կազմակերպված ցերեկույթին ներկաները վայելել են Ջիվանու պոեզիայի ընթերցումներ՝ երաժշտական կատարումներով: