211652_close_icon
views-count5756 դիտում article-date 15:28 29-03-2016

Ազատամարտիկի ընտանիքը բարի մարդկանց կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լոռու մարզի Աքորի գյուղում Կիրակոսյանների ընտանիքը ապրում է ծայրահեղ ծանր վիճակում: 4 անչափահաս երեխաները մոր հետ գոյատեւում են նպաստով, զրկված են կենցաղային տարրական պայմաններից: Ընտանիքը օգնության կարիք ունի: Կիրակոսյանների ընտանիքում հոր` ազատամարտիկ Արարատ Կիրակոսյանի մեդալները խնամքով են պահում: 2 անչափահաս որդիները ժամանակ առ ժամանակ դրանք կրծքին են փակցնում, հպարտությամբ նշում, որ հայրը հայրենիքն է պաշտպանել, դրա համար՝ վիրավորվել: 4 անչափահաս երեխաներին մայրն է խնամում: 1 տարի առաջ կյանքից հեռացավ ազատամարտիկ Արարատը: Անժելան ասում է, ամուսինն առողջական խնդիրների պատճառով հնարավորություն չի ունեցել փաստաթղթերով զբաղվել, պատերազմի մասնակցի վկայական ստանալ, բայց պաշտպանության նախարարությունը ֆինանսապես մի քանի անգամ օգնել է. «Էդ ասկոլկեքը ըտենց թարախակալել ա, երակը խցանվել ա, քանի անգամ ապերացիա է եղել, ոտքը հեռացրել են, 2 անգամ կտրել են ոտքը»: Ընտանիքը հիմա նպաստի հույսին է: Անժելայի խոսքով, սոված չեն մնում, բարի մարդիկ օգնում են, եթե օգնող չի լինում, ինչ հարկավոր է, պարտքով է վերցնում: Հետո նպաստը ստանում է, պարտքերը մարում, ու կրկին պարտքով ապրում մինչեւ մյուս նպաստը: Փոքրիկ՝ 1 սենյականոց տունը զուրկ է ապրելու համար անհրաժեշտ պայմաններից: Սենյակը վարագույրով են բաժանել: Սենյակում 3 մահճակալ է, 1 բազմոց, 5 հոգով տեղավորվում են: Փոքրիկ սեղանի վրա եւ հաց են ուտում, եւ դաս սովորում, 5 հոգու համար էլ 3 աթոռ կա: Մեկ պահարանը իրերի համար չի բավականացնում: Սառնարան, լվացքի մեքենա ու կենցաղի համար անհրաժեշտ այլ տեխնիկա չունեն: Չունեն նաեւ քիչ թե շատ նորմալ կահույք: Զուգարան, լոգարան ու խոհանոց նույնպես չունեն: Զուգարանի համար բակ են դուրս գալիս: Որպես խոհանոց ու լոգարան՝ կրկին այս սենյակն է ծառայում: Խոնավությունից խունացած պատերը երեխաների նկարներն են գեղեցկացնում: Ասում են, փակցրել են, որ տան գորշությունը մի քիչ կոտրվի: Ընտանիքը բարի մարդկանց օգնությունն է խնդրում՝ սենյակը նորոգելու, պատով առանձնացնելու համար: Ուզում են, որ տղաներն ու աղջիկները տարբեր սենյակներում քնեն: Տան փոքրիկը` Կոստյան, հեռուստացույց է ուզում: Տան եղածը ցույց չի տալիս, մուլտֆիլմ դիտելու համար հարեւանի տուն է գնում: Բայց հարեւանի համբերությունն ու հյուրասիրությունը չարաշահել չեն ուզում: Աղբյուրը` ԱՅՍՕՐ PANARMENIAN NEWS Տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր