6058 դիտում
17:12 22-04-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և ս.թ. ապրիլի 2-5-ը ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:
Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին Երևանում՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավականին հարուստ է, և տարբեր, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվում ամենաարդիական հարցերին:
«Այնպես է ստացվել, որ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը կայացել է և Ձեր այցն էլ կայանում է մեր տարածաշրջանում լարված իրավիճակում: Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի անպատասխանատու գործողություններով: Սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ: Կիրառելով ամբողջ զինանոցը՝ Ադրբեջանը, իհարկե, արժանի հակահարված ստացավ:
Բայց Ադրբեջանի այդ գործողությունները, իմ կարծիքով, բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ: Մենք մշտապես այդ գործընթացում կառուցողական ենք եղել, մշտապես վստահ ենք եղել, որ Մինսկի խմբի համանախագահները, վերջիվերջո, կներկայացնեն հարցի լուծման իրենց մոտեցումը, հասցեական կասեն այն կողմի անունը, որը հրաժարվում է այդ առաջարկություններից: Բայց, ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռևս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագիրը և այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս երկարատև բանակցությունների ընթացքում: Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին հանդիպման հնարավորության համար, ներկայացրել մինչ Հանրապետության Նախագահի հետ հանդիպումն իր այցի շրջանակներում ունեցած բանակցությունների արդյունքները.
«Մենք արդեն լավ բանակցություններ ենք անցկացրել, դիտարկել ենք երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք Դուք Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ ձեռք եք բերել: Որոշ տեղերում մեզ մոտ ձգձգումներ կան, սակայն, այնուամենայնիվ, հավատարմությունը բոլոր սկզբունքային պայմանավորվածություններին պահպանվում է: Դա մեր գլխավոր նպատակն է՝ աշխատել նախագահների հանձնարարությունների ուղղությամբ:
Մենք քննարկել ենք նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրավիճակը և խորապես անհանգստացած ենք կատարվածով: Ինչպես գիտեք, առաջին իսկ րոպեներից ռուսական կողմը՝ անձամբ Նախագահը, ձգտել ենք կասեցնել այն համաձայնագրերի խախտումները, որոնք ստորագրվել են 94-95թթ. և ունեն անժամկետ բնույթ: Մենք դա այսօր հստակ հաստատեցինք և կոչ արեցինք ոչ մի ձևով կասկածի տակ չդնել այդ կարևորագույն փաստաթղթերը: Եվ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը: Այնուամենայնիվ, ինչպես հասկանում ենք, իրավիճակը դեռևս մինչև վերջ չի կայունացել, և մենք ելնում ենք նրանից, որ տվյալ փուլում շատ կարևոր է կյանքի կոչել այն, ինչի մասին Դուք պայմանավորվել եք Ադրբեջանի նախագահի հետ դեռևս 5 տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների, միջադեպերի կանխման և վստահության միջոցների մասին, որպեսզի առավելագույնս նվազեցվի, նույնիսկ պարզապես տեխնիկական քայլերի միջոցով, առճակատման բռնկման հնարավոր որևէ վտանգ:
Համապատասխան հանձնարարություններ տրվել էին ԵԱՀԿ-ին, և մենք այժմ ցանկանում ենք, որ գերմանական նախագահությունը դրանով ակտիվ մտահոգվի: Ես հասկանում եմ, ինչ էիք Դուք ասում, Սե՛րժ Ազատի, իհարկե, այն մասին, որ հիմա դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իրավիճակը պետք է փոքր-ինչ հանդարտվի, և մարդիկ պետք է մի փոքր հանգստանան: Մենք մեկ անգամ ևս մեր ցավակցությունն ենք հայտնում այս հակամարտության պատճառով զոհերի կապակցությամբ, բայց, այնուամենայնիվ, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա, ինչը նշանակում է՝ պետք է շարունակել ջանքեր ներդնել քաղաքական կարգավորման ուղղությամբ:
Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը: Մենք փորձել ենք, փորձում ենք և կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին: Մենք ունենք միասնական դիրքորոշում, և ինչպես հասկանում եմ, Հայաստանը սատարում է այդ դիրքորոշմանը, որ համանախագահների եռյակը` ԵԱՀԿ-ի հետ միասին պետք է շարունակի իրականացնել հիմնական համակարգողի գործառույթը՝ համապատասխան այն մանդատի, որը կողմերը համաձայնել են տրամադրել այդ մեխանիզմին: Եվ մենք չենք ողջունում զուգահեռ ինչ-որ ուղիներ փնտրելու, մեխանիզմներ ստեղծելու փորձերը, որոնք չեն վայելում բոլոր կողմերի վստահությունը: Դա միայն կշեղի հիմնական խնդրից՝ ապահովել անվտանգություն, թույլ չտալ նոր զոհեր և, այնուամենայնիվ, ստեղծել քաղաքական գործընթացի համար պայմաններ»,-ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1904 դիտում
20:10 09-11-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին. ֆոտոռեպորտաժ
3247 դիտում
21:52 22-04-2016
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
869 դիտում
20:35 09-06-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»