211652_close_icon
views-count1914 դիտում article-date 19:04 22-04-2016

Ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Սյունիքի մարզի բնակիչ Հ.Մաթևոսյանը, Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհու հետ ամուսնանալու նպատակով վերջինիս առևանգումը կազմակերպելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել երկու համագյուղացի երիտասարդների հետ։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցի մուտքի մոտ, բռնության գործադրմամբ, աղջկա կամքին հակառակ, վերջինիս դասընկերուհիների ներկայությամբ նրան նստեցրել են երիտասարդներից մեկի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Անգեղակոթ գյուղի տարածք: Ըստ քննության տվյալների՝ համագյուղացիները, նկատի ունենալով, որ անչափահաս աղջիկը չի ցանկանում ամուսնանալ Հ.Մաթևոսյանի հետ, հրաժարվել են շարունակել ճանապարհը դեպի այլ գյուղ, որից հետո Հ. Մաթևոսյանն աղջկան ժամը 21:30-ի սահմաններում նրա կամքին հակառակ նստեցրել է իր մեկ այլ ծանոթի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Խնձորեսկ գյուղի տարածք: Անտեսելով աղջկա՝ տուն վերադառնալու խնդրանքը՝ ժամը 23:30-ի սահմաններում երիտասարդը նրան բռնությամբ նստեցրել է տեղանքում իրեն սպասող մեկ այլ անձի վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան և անչափահասի կամքին հակառակ նրան տեղափոխել իր քրոջ տուն։ Քննությամբ պարզվել է աղջկա առևանգմանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունների շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Մաթևոսյանին և մյուս 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b] ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ[/b]

Նմանատիպ նյութեր