211652_close_icon
views-count1800 դիտում article-date 23:12 26-04-2016

Հունաստանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել

Ապրիլի 23-ին Աթենքի նահանգապետարանի և Նեա Զմիրնիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնաժողովը Էսթիա հրապարակում տեղադրված «Զանգակ» հուշարձանի մոտ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակիննվիրված արարողություն: Միջոցառումն ընթացավ Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրերը գոհաբանական աղոթք կատարեցին Ցեղասպանության 1.5 միլիոն սրբադասված զոհերի հիշատակին: Ներկաներին ուղերձ հղեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Հաջորդիվ ելույթներ ունեցան Ատտիկայի փոխմարզպետ Կապանդաիսը, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսը, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի անդամները: Արարողության ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում: Մեկ րոպե լռությամբ հարգվեց Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինվորների և քաղաքացիական անձնաց հիշատակը: Հրավիրյալների շարքում էին «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր, հունա-հայկական բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Ստամատակին, Ատտիկայի մարզպետարանի, Նեա Զմիրնիի, տեղական ինքնակառավարման մարմինների և պոնտական, ասորական հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին Հունաստանի հայ համայնքի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատի անդամներ: Ավելի վաղ Աթենքի հայկական բոլոր եկեղեցիներում անց էին կացվել գոհաբանական արարողություններ: Ապրիլի 17-ին Աթենքում և Սալոնիկում, իսկ ապրիլի 16-ին Ալեքսանդրուպոլիսում կայացան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի hիշատակի հիմնական միջոցառումները: Աթենքյան միջոցառումը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի նախաձեռնությամբ Հայ դատի հանձնախմբի և դեսպանության համատեղ ջանքերով: Սինտաղմայի «Պալլաս» թատերասրահում անցկացված հանդիսությանը ներկա էին Հունաստանի պետական-քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ, ռազմական կցորդներ, զինվորականներ և այլոք: Օրվա բանախոսը, հակիրճ անդրադարձ կատարելով Ցեղասպանության պատմական տվյալներին, ներկայացրեց Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված բնաջնջման քաղաքականության, հայկական հողերի հայաթափման ու ցեղասպանության շարունակական հետևանքների վրա: Նա նշեց, որ ներկայումս պայքարը ճանաչումից տեղափոխվում է պահանջատիրական հարթություն, որի առաջին քայլը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից թուրքական պետության դեմ ներկայացված հայտն է: Անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի կողմից սանձազերված վերջին պատերազմական գործողություններին: Հունական կողմից հանդես եկավ արտաքին գործերի փոխնախարար Յանիս Ամանաթիդիսը, ով դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ այն համարելով ոճրագործություն մարդկության դեմ, շեշտեց միացյալ ուժերով ցեղասպանությունների կանխարգելման և այդ չարիքի դեմ միասնական պայքար մղելու անհրաժեշտությունը։ Ներկաներին խոսք ուղղեց նաև Ատտիկեի փոխնահանգապետ Խրիսթոս Քափատայիսը: Նա նշեց, որ հայ և հույն ժողովուրդների եղբայրությունն ավելի է ամրապնդվում արդարության համար մղվող պայքարով: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ Հ.Յ.Դ. Հունաստանի Երիտասարդական Միության Կենտրոնական Վարչության ներկայացուցիչ Ռազմիկ Էրջէնյանը: Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղապանության ճանաչման 20-ամյակին, որը տեղի էր ունեցել 1996թ. ապրիլի 25-ին: Ցուցադրվեցին հատվածներ հունական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներից և քվեարկությունից: Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր ելույթում կարևորեց ՀՀ և համայն հայության ջանքերը՝ ցեղասպանությունը` իբրև մարդկության դեմ հանցագործություն, կանխարգելելու գործում: ՀՀ դեսպանը` 1996թ. Հունաստանի խորհրդարանի նախագահ Ապոստոլոս Կակլամանիսին, ընդդիմության ղեկավար և նախկին վարչապետ Անտոնիս Սամարասին պարգևատրեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» մեդալով, իսկ ներկա խորհրդարանի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Կոստաս Դուզինասին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալը: Կարճ ելույթներ ունեցան նաև Անտոնիս Սամարասը, Ապոստոլոս Կակլամանիսը և Կոստաս Դուզինասը: Այնուհետև կենտրոնական Սինտաղմա հրապարակում, պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն` ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի, պոնտոսցիների, Աթենքի հրեական համայնքի և Հունաստանի ասորիների միության կողմից: Ապրիլի 17-ին Սալոնիկում քաղաքի կենտրոնական «Ի. Վելիդիս» դահլիճում կազմակերպվել էր Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում Հայոց ցեղասպանության և թուրքական ժխտողականության դատապարտման վերաբերյալ ելույթներ ունեցան Մակեդոնիայի և Թրակիայի նախարար տիկին Մարիա Կոլյա-Ցարուխան, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլու Ձիձիկոստան, Կիպրոսը ներկայացնող եվրոպատգամավոր դոկտոր Էլենի Թեոխարուսը: Միջոցառմանն ընթերցեց օրվա առիթով ՀՀ դեսպանի ուղերձը: Այնուհետև տեղի ունեցավ քայլարշավ Սալոնիկի կենտրոնական պողոտայով դեպի Անհայտ զինվորի հուշարձանը: Պատվո պահակախմբի ներկայությամբ ՀՀ դեսպանության, հունական նահանգային և քաղաքային իշխանությունների, հունական 3-րդ բանակի հրամանատարության, Հունաստանի բանակի վետերանների և հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Անհայտ զինվորի հուշարձանին: Ապրիլին 16-ին Ալեքսանտրուպոլիսի «Էփիմելիթիրիո Էվրու» սրահում տեղի ունեցավ ցեղասպանութեան 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետը, քաղաքապետարանի խորհրդի անդամներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, ՀՅԴ տեղական կոմիտեների անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանի հայ և հույն հոգևոր հայրեր: Ողջյունի խոսքով հանդես եկան Էվ¬րո¬սի նահանգապետ պրն. Դիմիտրիոս Փեթրովիչը, «Սիրիզա» և «Նեա Դեմոկրատիա» կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընթերցվեց Հունաստանում ՀՀ դեսպանի ուղերձը: Միջոցառման հիմնական բանախոս Կիպրոսը ներկայացնող եվոպատգամավոր Էլենի Թեոխարուսը իր ելույթում դատապարտեց Թուրքիայի մերժողական կեցվածքը, հավելելով, որ արհամարելով իր քաղաքացիների մարդկային իրավունքները՝ Թուրքիան չի կարող Եվրոպայի մաս կազմել: Իր ելույթում տիկին Թեոխարոսն անդրադարձավ նաև Արցախի իրավունքների խնդրին: Միջոցառումից հետո ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին Սուրբ Կարապետ եկեղեցու բակում տեղադրված խաչքար հուշակոթողի առջև:

Նմանատիպ նյութեր