211652_close_icon
views-count4795 դիտում article-date 17:40 07-05-2016

Բորիս Կլեմենտևի անհատական ցուցահանդեսը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Ս. թ. մայիսի 6-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Բարեկա­մու­թյան կամուրջ. Բորիս Կլեմենտև» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էր Ռուսաստանի նկարիչների միության անդամ, ՌԴ Պետրոս Մեծի անվան գիտությունների և արվեստների ակադեմիայի ակադեմիկոս Բ. Կլեմենտևի ստեղծագործական 25 տարիների՝ ավելի քան 60 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ կավճամատիտ, մատիտանկար, ինչպես նաև նկարչի անձնական արխիվում պահվող գծապատկերների ալբոմներ ու հուշաձեռագրային նյութեր: Ներկայացվող հավաքածուն բացահայտում է արվեստագետի որոնումների իրական էվոլյուցիան և ստեղծագործության դինամիկան: Բորիս Կլեմենտևի` ժանրաթեմատիկ լայն ընդգրկմամբ ու տեխնիկական կատարողական ձևամիջոցներով հարուստ ստեղծագործությունը ներառում է հարյուրավոր գեղանկար կտավներ, փոքրադիր էտյուդներ, ջրանկարներ և գծապատկերներ, կավճամատիտով արված գրաֆիկական թերթեր, մոնումենտալ գեղանկարչության և ինտերիերի ձևավորման նմուշներ: Ռուսաստանի գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության ակադեմիայում՝ ռուս նշանավոր արվեստագետներին աշակերտած, ժամանակի առաջատար գաղափարներին, գեղանկարչական տարբեր դպրոցներին և ուղղություններին, համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներին քաջածանոթ նկարիչն այսօր ունի իր սեփական ստեղծագործական ոճն ու բնութագիծը: Գիտակցաբար ընտրելով իրեն հոգեհարազատ ռեալիստական արվեստի ուղին՝ նա յուրովի ընկալում ու իր արվեստում համադրում է ռուսական ռեալիզմի սկբունքներն ու արևմտաեվրոպական իմպրեսիոնիզմի նվաճումները, 19-րդ դարավերջի ռուսական քնարական դպրոցի ավանդույթներն ու անցյալ դարաշրջանի նորովի մեկնաբանումը: Բ. Կլեմենտևը հայտնի է որպես իմպրեսիոնիստական նուրբ բնապատկերների հեղինակ, ռուսական և եվրոպական ռեալիստական դպրոցի ուղին շարունակող դասական դիմանկարի վարպետ, պատմական նատյուրմորտի գիտակ: Նրա ստեղծագործությանը հատուկ է սյուժեների և թեմաների բազմազանությունն ու հարստությունը: Նկարիչն առանձնակի տեղ է հատկացնում նաև կրոնական թեմատիկային՝ հավատքը համարելով մարդու գոյության ու կեցության հիմք: Բորիս Կլեմենտևի արդիական մտածողությունն ու կատարման մեթոդը զուգորդվում են ռեալիստական-դիտողական, հայեցական-քնարական եղանակի հետ, ինչի շնորհիվ պատկերումները խորապես ազդում են դիտողի վրա:

Նմանատիպ նյութեր