211652_close_icon
views-count10395 դիտում article-date 20:51 12-05-2016

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ժիրայր Սէֆիլյանի՝ հյուսիսարևելյան հատվածում 7 մլն քառակուսի մետր տարածքային կորստի մասին հայտարարությունները. 168.am

«Ապրիլյան դեպքերի առաջին օրերից բոլորս նկատեցինք, որ մենք ունեցել ենք դիրքային կորուստներ, հիշում ենք՝ այդ օրերին, երբ բարձրաձայնվում էր, որ պետք է անմիջապես կորցվածը առնվազն հետ վերցվի, գործող ռեժիմի պարագլուխները տարբեր մակարդակներով խոսում էին և փորձում արդարանալ՝ ասելով, որ ընդամենը մի քանի հարյուր մետր քառակուսի ունենք կորցրած՝ 200 մետր հյուսիսից, 300 քառ մետր հարավից: Ծիծաղելի չափերի մասին էր խոսակցությունը: Մենք առաջին օրվանից տեղեկացված էինք՝ ինչ էր տեղի ունենում առաջնագծում, օրեր անց մենք արդեն ճշտել էինք, թե մեր կորուստն ինչ չափի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախագահ Ժիրայր Սէֆիլյանը՝ հավելելով, որ երբ իմացել են այդ չափը, զարհուրել են: «Ոչ մեկս չէր սպասում, որ մենք ունեցել ենք տարածքային այդքան մեծ կորուստներ: Այս շաբաթների ընթացքում մենք հորդորել ենք ՊՆ-ին՝ անձամբ Արծրուն Հովհաննիսյանին, որ մեր ժողովրդին իրականությունը ներկայացնեն: Որովհետև այն, ինչ իրականում կա, աշխարհի համար պարզ է, հակառակորդի համար ևս պարզ է, միակ անտեղյակը իրականությունից մեր ժողովուրդն է: Մենք հորդորել ենք նրանց, որ լավ կլիներ՝ ճշմարտությունն իրենք ասեն՝ միաժամանակ զգուշացնելով, որ եթե երկար լուռ մնան, մենք ենք ասելու իրականությունը»,- ասաց նա: Նա նշեց իր տեղեկություններով՝ հյուսիսարևելյան հատվածի՝ Թալիշի, մեր կորստի իրական չափը. «Իրենք ասում էին՝ 500 մետր քառակուսի, շատ լավ է, որ մետրերից էին խոսում, բայց ցավալին այն է, որ միայն հյուսիսային հատվածում մենք ունենք 7 մլն մետր քառակուսի կորուստ, այսինքն՝ 7 կմ քառակուսիի մասին է խոսքը: Ումի՞ց են թաքցնում այս իրականությունը: Եթե այս վիճակը մենք շարունակենք հանդուրժել, այսինքն՝ առնվազն մեր կորցրած դիրքերը հետ չբերենք, մեր նահատակների զոհողությունն այս քաղաքական ղեկավարությունը կարծես ուզում է ջուրը լցնել: Այստեղ մեղքը բանակինը չէ, բանակն ամեն օր սպասում է: Մեր մարտունակ ստորաբաժանումները հերթ են կանգնած, թե ով պետք է այդ գործողությունն իրականացնի, որը շատ հեշտ է մեզ համար: Ինչքան ուշացնում ենք, այնքան դժվարանալու է մեր գործը»: Լրագրողների ճշտող հարցին՝ որտեղի՞ց իրեն այդ տվյալները, թե հյուսիսարևելյան հատվածում 7 կմ քառակուսի տարածք ենք կորցրել, նա պատասխանեց. «Ես կուզեի, որ մեր հրապարակած թվի հավաստիության հետ կապված մեր պաշտոնական աղբյուրները ճշգրտեին ու մեզ ուղղեին՝ մենք սխա՞լ ենք, թե՞ ճիշտ ենք: 7 է, 6 է, թե 5 մլն քառակուսի մետր է, պետք է իրականությունն ասվեր: Մեր ինֆորմացիան գետնից է, մենք կտրված չենք եղել ճակատից, մեր բազմաթիվ մարտական ընկերներ եղել են առաջին գծերում, ինֆորմացիան ինձ մոտ ամփոփվել է: Նաև քարտեզով ենք հետևում անցուդարձերին: Առայժմ մենք ասում ենք՝ մոտավորապես, հավանական է, որ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ լինի թիվը»: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման բան պարզապես չի կարող լինել. «Թալիշ գյուղից ամենահեռու դիրքը անգամ մինչ կորուստը եղել է 3-4 կմ, եթե 7 կմ կորցնեինք, Թալիշն էլ հետը կկորցնեինք, կհասնեին Մատաղիս արդեն: Ավելացնելու ոչինչ չունեմ»: Աղբյուրը` [url=http://168.am/2016/05/12/635739.html]168.am[/url]

Նմանատիպ նյութեր