211652_close_icon
views-count1604 դիտում article-date 22:57 16-05-2016

Քայլեր են ձեռնարկվում հայկական խմիչքները Չինաստան արտահանելու ուղղությամբ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մայիսի 10-13-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում չին գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության ուղղություններն ու արտահանման նոր հնարավորությունները: Մասնավորապես, Ծառայության պետն ու սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանն, ալկոհոլային խմիչքների արտահանման խթանմանն ուղղված երկկողմ համագործակցության զարգացման նպատակով, այցելել են ՉԺՀ սննդի և խմորման ոլորտների ազգային հետազոտությունների ինստիտուտ: Ինստիտուտի փոխնախագահ, պրոֆեսոր Վանգ Ձիենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանում գործող ազգային ստանդարտների պահանջները, որոնց համապատասխանության դեպքում հնարավոր կլինի ոգելից խմիչքների ներմուծումը ՉԺՀ: Չինական կողմը հայ գործընկերներին է տրամադրել թե ալկոհոլային խմիչքների ոլորտում գործող ՉԺՀ ազգային ստանդարտները, թե անվտանգության և որակի ցուցանիշների փորձաքննության մեթոդները: Արմեն Հայրապետյանը կարևորել է շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու հարցը և ընդգծել, որ ՍԱՊԾ լաբորատոր նոր սարքավորումները կնպաստեն հայկական խմիչքների որակի բարձրացմանն ու մրցունակությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՉԺՀ սննդի և խմորման ոլորտների ազգային հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցությունը: Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության և կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի սննդամթերքի արտահանման և ներմուծման վարչության պետ պարոն Լին Վեյի հետ: Երկու երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչները նախանշել են հետագա փոխգործակցության շրջանակը՝ կարևորելով սննդամթերքի անվտանգության ապահովումը ներմուծման ու արտահանման գործընթացում: Հայկական պատվիրակության հանդիպումներին մասնակցել է նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Չինական շուկա հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների քննարկման արդյունքում ձեռք է բերվել ցուցահանդեսներին հայկական արտադրության ալկոհոլային խմիչքների ներկայացման մասին պայմանավորվածություն: Առաջիկա միջազգային ցուցահանդեսը, որին հայկական կողմը մասնակցելու հրավեր է ստացել, տեղի կունենա սեպտեմբերի 8-9-ին՝ Չինաստանի Կուիճոու մարզում:

Նմանատիպ նյութեր