2168 դիտում
15:11 20-05-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, ովքեր Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահը ողջունել է հյուրերին Երևանում: Ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում միջկառավարական խորհրդի նիստ, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: «Մենք բոլորս անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը՝ ելնելով մեր տնտեսական շահերից, մեր քաղաքացիների շահերից: Շատ կարևոր է, որ ընդունվող որոշումները լինեն շոշափելի գործարար միջավայրի, յուրաքանչյուր ապրանքի գնորդի և ծառայության պատվիրատուի համար: Այդ նպատակին հասնելու համար, կարծում եմ, որ ամենակարևոր հարցը խոչընդոտների վերացումն է՝ տեխնիկական խոչընդոտների, որոնք խանգարում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին, դրանով իսկ՝ նվազեցնում ինտեգրացիոն գործընթացներից տնտեսական արդյունավետությունը»,- ասել է ՀՀ Նախագահը: Նշելով, թե տեղյակ է՝ որքան շատ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգում, Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԱՏՄ-ում նախագահող երկրի՝ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովին ներկայացնել՝ կա՞ արդյոք օրակարգում առկա հարցերի շուրջ ընդհանուր ընկալում, և ինչպիսի՞ արդյունքներ են ակնկալվում այս հանդիպումից:
Ղազախստանի վարչապետը իր և գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել Երևանում ջերմ հյուրընկալության և միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքի նախապատրաստման ու անցկացման հարմարավետ պայմանների ապահովման համար: «Մեզ համար առջևում այսօր աշխատանքային օր է, որի ընթացքում նախատեսված է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման հետ կապված հարցերի քննարկում: Նախագահների հանդիպման նախօրեին մենք կաշխատենք քննարկել և օրակարգից հանել հարցերի մեծամասնությունը, որպեսզի բարձր մակարդակով քննարկմանը ներկայացնենք միայն հետագա զարգացման տեսանկյունից խոշոր ռազմավարական հարցերը»,-ասել է վարչապետ Կարիմ Մասիմովը:
Նա տեղեկացրել է, որ այսօր վարչապետների մակարդակով անցկացվող նիստում ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ քննարկման համար նախատեսված են բազմաթիվ հարցեր, և այսօրվա քննարկումների ժամանակ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները կփորձեն դրանք լուծել:
Հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի՝ ինտեգրացիոն այլ միավորումների հետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների հետագա բնականոն զարգացման առումով ՀՀ Նախագահը կարևորել է անվտանգության բաղադրիչը և այդ տեսանկյունից ներկայացրել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները:
Նմանատիպ նյութեր
4832 դիտում
12:22 25-10-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1524 դիտում
19:35 17-06-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամներին
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար