211652_close_icon
views-count5451 դիտում article-date 23:41 24-05-2016

Շառլ Ազնավուրի և 500 հյուրերի մասնակցությամբ մշակութային միջոցառումներ են անցկացվել Մարսելում

Մայիսի 23-ին Մարսելում՝ Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի գլխավոր սրահում, տեղի ունեցավ Շարլ Ազնավուրի անվան ֆրանս-հայկական գրքի ազգային մրցանակաբաշխությունը՝ Շառլ Ազնավուրի և 500 հյուրերի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկայացված էին ինչպես ֆրանսիացի, այնպես էլ ֆրանսիահայ մի շարք հեղինակների՝ Հայաստանին, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված տարվա լավագույն պատմական և գեղարվեստական գրքերը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Վալերի Թորանյանի «Օտարազգին» ստեղծագործությունը, որը պատմում է ցեղասպանությունից մազապուրծ եղած կնոջ մասին՝ թոռան աչքերով: Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի նախագահ, տիկին Մարտին Վասալը նշեց, որ Թուրքիան, շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի կողմից բռնի ուժով արցախյան հիմնախնդիրը լուծելու մտադրությունը, ինչը բացահայտ արտահայտվեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում: Մարտին Վասալը նաև ընդգծեց հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամների և ֆրանսահայերի անվերապահ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Բուշ դյու Ռոնի դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալը շնորհավորեց Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա կապակցությամբ՝ շնորհելով դեպարտամենտի Պատվո Շքանշան: Նույն օրը՝ երեկոյան, Շարլ Ազնավուրի հովանու ներքո, Մարսելի հանրահայտ «Սիլո» համերգասրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Դու, իմ եղբայր» խորագրով համերգ՝ ֆրանսիացի աստղերի մասնակցությամբ, որոնց թվում էին Հելեն Սեգարան, Ժիլբերտ Մոնտանիեն, Ֆրեդերիկ Մանուկյանը, Եսային և այլոք: Միջոցառումները կազմակերպել էր Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլիտենի խորհրդի անդամ, 9-10 սեկտորի փոխքաղաքապետ Ռիչարդ Ֆենդիկյանը ` Բուշ դյու Ռոնի դեպարտամենտի, Մարսել-Պրովանս տարածքային խորհրդի և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, պատգամավորներ, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, մշակութային գործիչներ, լրագրողներ, հայկական և հրեական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր